Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Դիմիտրով գյուղի տանող հատվածում բախվել են Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ էր գնել։ Բախման հետևանքով Toyota-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել գազատար խողովակի տակ։