Թաղման բյուրոյից մինչև էկոպարեկային ծառայություն
«Հրապարակ»-ը գրում է․
«Էկոպարեկային ծառայությունը գործում է 2024թ. հունվարի 1-ից, բայց դեռևս համալրում չի եղել, այսինքն՝ օրենքի իմաստով և օրենքի ամբողջ բովանդակությամբ էկոպարեկային ծառայությունը դեռևս չի գործել»,-վերջերս խոստովանել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը՝ մեղքը գցելով միջազգային գործընկերների վրա։
Մեկ տարի առաջ է ստեղծվել էկոպարեկային ծառայությունը: Անտառներից ու բնության այլ պահպանվող տարածքներից հանվել է պահպանության ծառայությունը` մտցվել նորաստեղծ կառույցի մեջ, որը փաստացի դեռ չի գործում, քանի որ տեխնիկական վերազինում և կադրային համալրում տեղի չի ունեցել։ Իշխանությունն այս կառույցի ստեղծումը համարում է բարեփոխում, որը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնելու անտառներում, սակայն ծառայությունը փաստացի բացակայում է` չկա։ Նախարարության մեր աղբյուրը պատմեց, որ անտառներն ամենաթողության են մատնված եւ անխնա հատվում են։ Նախկին անտառապահների հետ համագործակցաբար՝ ապօրինի փայտահատների «մաֆիան» է գործում։
Էկոպարեկների ծառայության ձևավորումը եւ հաստիքների համալրումը սկսել են Սյունիքից, բայց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ ամենամեծ անառահատումները Տավուշում են։ Հարց. այդ դեպքում ինչո՞ւ Տավուշից չեն սկսել, պատասխան. որովհետև փայտի ապօրինի բիզնեսի որջը հենց Տավուշում է, իսկ այդ բիզնեսում, մեր աղբյուրն ասում է՝ էկոպարեկի ղեկավարն ու նախարարն ունեն անձնական հետաքրքրություններ։
Էկոպարեկային ծառայությունը ստեղծելիս, Սիմիդյանն ու Կիրակոսյանը խոստացել են կառավարությանը, որ արագ վերազինում կանեն, սակայն մեկ տարի է անցել` վերազինում տեղի չի ունեցել, անձնակազմի նույնիսկ 20 տոկոսը չի համալրվել։ Փաստացի անտառներից ու այլ պահպանվող տարածքներից դուրս են բերվել պահպանության ծառայությունը, եւ այդ գործը պետք է էկոպարեկներն անեն, բայց դա անելու համար չունեն ո՛չ տեխնիկական միջոցներ ունեն, ո՛չ մարդային ռեսուրսներ, ինչի արդյունքում ծառերի հատումը սարսափելի թվերի է հասել, ներկայացնում է մեր աղբյուրը։
Փայտի բիզնեսով զբաղվողները, որոնք նաև կապեր ունեն նախկին անտառապահների հետ, տեղյակ են այս կազուսից և հանգիստ մտնում են անտառ ու իրենց գործն անում։ Մինչդեռ, մասնագետներն ասում են, որ Էկոպարեկային ծառայության մասին օրենքում կարող էին անցումային դրույթ սահմանել, որ միայն վերազինումից հետո այն սկսեր գործել: Սակայն քանի որ պետք էր Վլադիմիր Կիրակոսյանին շտապ այդ պաշտոնին նշանակել, այս ավանտյուրան իրականացվել է, փաստորեն՝ բնության ու անտառների հաշվին։
Ինչո՞ւ է Վլադիմիր Կիրակոսյանը նշանակվել հենց այդ պաշտոնին։ Նախարարության մեր աղբյուրի խոսքով՝ Կիրակոսյանը վերահսկում է շրջակա միջավայրի ոլորտի ամբողջ ապօրինի բիզնես գործունեությունը, հատկապես` փայտի բիզնեսը։ Ասում են՝ Կիրակոսյանը այդ բիզնեսի «ոստիկանապետն» է դարձել` շուրջ 1200 աշխատակիցներով: Առանց իր թույլտվության ոչ ոք չի կարող այսօր գործել` փայտ հատել, փայտի գործ անել եւ այլն, իսկ օրինական թույլտվություններն ունեն իրենց «գինը»։
«Փայտի ստվերային բիզնեսը տարեկան կտրվածքով հասնում է մի քանի միլիարդ դրամի։ Իսկ Վլադիմիր Կիրակոսյանը նաեւ բիզնեսմեն է, ունի իր բիզնեսները, սգո ծառայությունը։ Նա նաև մեծ ազդեցություն ունի Սիմիդյանի վրա․ իր նախկին տեղակալին դարձնելով ՇՄ նախարարության գլխավոր քարտուղար՝ ամբողջությամբ վերահսկողության տակ է պահում Սիմիդյանին, դրա համար նախարարությունում կատակում են, որ Սիմիդյանը նախարար է աշխատում Վլադիմիր Կիրակոսյանի մոտ»,-պատմեց մեր աղբյուրը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում նույնպես ամեն ինչ օրինական չի կատարվում՝ սկսած կադրերից, պարգևավճարների սուբյեկտիվ տրամադրումից, վերջացրած անտառներում հատատեղերի հիմնման և փայտի բացթողնման տոմսերով, ընդ որում` որոշ դեպքերում դատարկ բլանկներ են տրամադրվում, որպեսզի բազմակի օգտագործվեն եւ մի քանի մեքենա ապօրինի փայտ դուրս բերեն։
Քանի որ Կոմիտեն պետք է փակվեր, իսկ Վլադիմիր Կիրակոսյանը մեծ ամբիցիաներ ուներ լուրջ պաշտոն զբաղեցնելու, համակարգում ասում են, որ նախարար Սիմիդյանի հետ համատեղ մտածել են այս մոդելը, օրենք են առաջարկել, ըստ որի, Կոմիտեն վերակազմավորվում և դառնում է էկոպարեկային ծառայություն, որին տրվելու են ոչ միայն անտառների պահպանության լիազորությունները, այլեւ բնապահպանության ոլորտի պահպանության բոլոր ծառայությունները։
Իսկ ո՞վ է Վլադիմիր Կիրակոսյանը։ Նա Հակոբ Սիմիդյանի ընկերն է, բայց անտառի ու բնության հետ որևէ կապ չունի։ Նա եղել է ինչ-որ ՍՊԸ տնօրեն, ապա աշխատել է Էրեբունու, ժողովրդին հայտնի, «թաղման բյուրոյի» տնօրենի տեղակալ, որտեղ էլ, ըստ էության, սգո ծառայություն է ստեղծել կամ այդ բիզնեսի տանիք է դարձել։ Նախարարությունում նույնիսկ կատակում են, որ եթե Կիրակոսյանը մեռելից փող է աշխատում, ապա ի~նչ փողեր կաշխատի անտառներից։ Հաջորդիվ նա տեղափոխվել է աշխատանքի Երևան ՋԷԿ -ում, որպես գլխավոր ինժեների օգնական, բայց պաշտոնական կայքում գրված է` տնօրենի օգնական։ Նրան ՋԷԿ-ում էլ, մեր տեղեկություններով, տեղավորել է Սիմիդյանը, որպեսզի ընկերը համապատասխան ստաժ ձեռք բերի։ Իսկ հետո արդեն Կիրակոսյանը նշանակվեց Անտառային կոմիտեի նախագահ, ապա էկոպարեկային ծառայության տնօրեն։ Մեր աղբյուրի խոսքով, նա փորձել է տարբեր մարզերում կապեր հաստատել ոստիկանապետերի, մարզպետների հետ, որպեսզի կարողանա ազատ գործել։ Ի դեպ նա շրջում է բավական թանկարժեք մեքենայով, թիկնապահ ունի, որի մասին գիտեն նաեւ ՔՊ-ում։
Պարզվում է՝ մինչև Կիրակոսյանի Անտառային կոմիտեի նախագահ նշանակվելն արդեն խոսակցություններ են եղել, որ կոմիտեն փակվում է, քանի որ Հայանտառ ՊՈԱԿ-ը կար և կոմիտեի առկայությունն ավելորդ էր։ Երբ Հակոբ Սիմիդյանը նշանակվեց ՇՄ նախարար՝ ամենակարևոր պաշտոններից մեկին՝ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակեց իր ամենամոտ ընկերոջը՝ Վլադիմիր Կիրակոսյանին։ Վերջինս էլ կոմիտեի նախագահի տեղակալների և Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակեց իր մտերիմներին, որոնք նույնպես անտառի հետ առնչություններ չունեն՝ Սերգո Աթանեսյան՝ նախկինում կոմիտեի նախագահի տեղակալ, հիմա ՇՄ նախարարության գլխավոր քարտուղար, Սևակ Մարկոսյան՝ ներկայիս Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն։
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը 2025 թվականի համար բյուջեի նախագծով ավելացել են գրեթե 38 տոկոսով, ինչը պայմանավորված է հենց էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ:
ՀԳ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ էկոպարեկային ծառայության ղեկավարից կամ գոնե` նրանց մամուլի պատասխանատուից, բայց բազում փորձերն անհաջողության մատնվեցին: Այնուամենայնիվ, պատրաստ ենք ներկայացնել նաեւ իրենց տեսակետը նկարագրվածի շուրջ: