Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան
Հանրային հեռուստաընկերությամբ Փաշինյանը խոստովանեց, որ հերթական հանցագործությունն է կատարել՝ խախտելով մեր երկրի սահմանադրական կարգը և իրականացնելով սահմանադրական հեղաշրջում։ Այսօր լրագրողերի հետ զրույցում ասել է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած հարցազրույցին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հաստատել է, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարական են տվել իր խնդրանքով եւ որ իր այդ «խնդրանքը» նրանց փոխանցել է կիրակի օրով՝ գրավոր։ Փաստենք, որ տվյալ երեք կառույցները համարվում են անկախ ու չպետք է գտնվեն գործադիրի ազդեցության ներքո։
«Սասուն Խաչատրյանը, Արգիշտի Քյարամյանը կամ Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ, իրենց աշխատանքային գործունեության հետ կապված հանգամանքներով չէ, որ հրաժարական ներկայացնելու որոշում են կայացրել, այլ դա արել են գործադիր իշխանության ղեկավարի պահանջով։ Իրականում պետք է լիներ ճիշտ հակառակը. նրանք կարող էին որոշումներ կայացնել Փաշինյանի վերաբերյալ։ Մամուլում բազմաթիվ են տեղեկությունները Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Սասուն Խաչատրյանն այն պաշտոնյան է, որ ցանկացած պահի կարող է վարույթ նախաձեռնել, և Նիկոլ Փաշինյանին ներգրավել վկայի կամ մեղադյալի կարգավիճակում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն ինքն է հորդորում պաշտոնյաներին հեռանալ, նշանակում է՝ երկրում սահմանադրական կարգը տապալված է։ Այս հանցանքի նկատմամբ պետք է այլ իրավապահ մամինները անտարբեր չլինեն»,– հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Նկատենք, որ եթերում Ն. Փաշինյանը չի դժգոհել նրանց աշխատանքից, այլ ներկայացրել է որպես համակարգաստեղծ գործիչներ, ու տեսականորեն չի կարելի բացառել, որ հրաժարական են տվել Ն. Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ կայացնելու, քպականների հովանավորվությունների մասին ընդհուպ ԱԺ ամբիոնից հնչեցնելու համար։
Աղբյուր` Փաստինֆո