Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արարատի մարզպետի աշխատակազմի նախագիծը, որով առաջարկվում է իրականացնել աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպում (միաձուլում և միացում): Արարատի մարզում գործում է 50 ամբուլատորիա, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում աշխատում է մեկական բժիշկ, որը նաև համարվում է տնօրեն, 18-ում՝ երկուական բժիշկ, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում երեք բժիշկ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենների պաշտոնները թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչն արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզն առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբուլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությանը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:
Խոշորացման արդյունքում կստեղծվեն նոր բժշկական հաստատություններ: Թիվ 1 առողջության կենտրոնում կսպասարկվեն Ազատավան, Բաղրամյան, Բուրաստան, Մասիս, Դալար, Բերքանուշ, թիվ 2-ում՝ Այգեզարդ, Այգեպատ, Շահումյան, Քաղցրաշեն, Նարեկ, թիվ 3-ում՝ Այգեստան, Բերդիկ, Դվին, Նորաշեն, Կանաչուտ, Դեղձուտ, Վերին Արտաշատ, Հնաբերդ, թիվ 4-ում՝ Արևշատ, Բարձրաշեն, Աբովյան, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Լանջազատ, Նշավան, Բյուրավան, թիվ 5-ում՝ Դիմիտրով, Արաքսավան, Մխչյան, Հովտաշեն, Մրգավետ, Ջրաշեն, Դիտակ, թիվ 6-ում՝ Արգավանդ, Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Դարակերտ, Ղուկասավան, թիվ 7-ում՝ Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, թիվ 8-ում՝ Դաշտավան, Զորակ, Հայանիստ, Դարբնիկ, Հովտաշատ, Սիփանիկ, թիվ 9-ում՝ Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ, Նոր Կյուրին, Նոր Խարբերդ, թիվ 10-ում՝ Այգավան, Նոյակերտ, Եղեգնավան, թիվ 11-ում՝ Տափերական, Նոր Ուղի, Գինեվետ, Փոքր Վեդի, թիվ 12-ում՝ Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լուսաշող, Լանջառ, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ գյուղերի բնակչությունը:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»: