ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը
ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հեռացվել են ԼՂ հիմնախնդրին և 44-օրյա պատերազմին առնչվող բաժինները:
168.am-ը երեկվանից ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից փորձում է մի պարզ հարցի պատասխան ստանալ՝ ինչո՞ւ են ԱԳՆ կայքից հեռացվել ԼՂ հիմնախնդրին և 44-օրյա պատերազմին առնչվող բաժինները: Մենք մեր բանավոր պատասխանի ենթակա հարցն ուղարկել ենք էլեկտրոնային փոստով, մեսինջերով, անգամ մեկնաբանություն ենք թողել ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջին, սակայն ոչ մի արձագանք: Ասում են՝ եթե ԱԳՆ խոսնակը չի արձագանքում, նշանակում է՝ նպատակահարմար չի գտնում, այսինքն՝ ոչ թե այդ մասին արտահայտվում է, այլ լռություն է պահպանում: Սրանից կարելի է ենթադրել՝ կամ պատասխան չունեն, կամ չեն ցանկանում կատարվածն արհեստականորեն կապել տեխնիկական խնդիրների հետ:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ 168.am-ն արձանագրել էր, որ ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, ինչ-որ ժամանակ տեխնիկական պատճառներ հորինեցին, այո, հորինեցին, որովհետև Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունն այդպես էլ չվերականգնվեց: Նույն փաստի ականատեսն ենք Արտաքին գործերի նախարարության դեպքում: Գործող իշխանության դեպքում, որն Արցախի էջը փակված է համարում, իսկ Արցախը՝ ադրբեջանական, զարմանալի որևէ բան չկա:
Ի վերջո, ինչպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մի առիթով ասել՝ իրենց այսօր հետաքրքրում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին գերատեսչության առաջնահերթությունների մեջ չէ՝ իրենց կամ ոչ իրենց որոշմամբ, կարող ենք ենթադրել, որ հաջորդիվ ԱԳՆ կայքից հեռացվելու է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բաժինը: