«Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը
44–օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Որդիների օրն է այսօր: Օր, երբ մայրերը շնորհակալություն են հայտնում, որ ճակատագրին իրենց արու զավակ է պարգևել: Որդիները մայրերի հպարտությունն են, սերը, հենասյունը:
Որդիս ինձ համար ամեն ինչ էր: Ու ոչ միայն ինձ համար: Մինչ օրս փողոցում ինձ կանգնեցնում են իր ընկերները, զինվորներն ու անվերջ պատմում նրա մարդկային բարձր հատկանիշների մասին: Ամեն անգամ նորովի եմ հպարտանում, որ թեկուզ և անցյալով, բայց իմ որդու մասին է խոսվում: Ինձ համար դու միշտ ներկա ես, Դավս...
Որդիս սիրում իր հողն ու ջուրը: Պարզվեց՝ չափից շատ էր սիրում... Այնքան շատ, այս օրով ինձ մնում է միայն համբուրել նրա սառը նկարը: Մեզ միայն դա մնաց...
Այսօր և ամեն օր ես հիշում եմ քեզ, ու շնորհակալություն հայտնում Աստծուն, որ թեկուզ ընդամենը 31 տարի, բայց ինձ քո մայր լինելու բերկրանք ես պարգևել»: