Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան
Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նրա նախկին պաշտպանության նախարար Գալանտին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները վատ լուր են Իլհամ Ալիևի համար։ Այն, ինչի համար ՄՔԴ-ն մեղադրանք է ներկայացրել Իսրայելի ֆաշիստ ղեկավարներին, նույնությամբ և ավելի մեծ հաջողությամբ իրագործել են Բաքվի ցեղասպաններն Արցախում, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը՝ հավելելով․
«Մասնավորապես, 2022-2023 թվականներին նրանք Արցախի բնիկ հայ բնակչության դեմ որպես «պատերազմի եղանակ» կիրառել են «սովին մատնելու ռազմական հանցագործությունը»։
Քանի որ ծանրակշիռ իրավական նախադեպն արդեն ստեղծված է, Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է միջազգային իրավական ատյաններում՝ նախևառաջ ՄՔԴ-ում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) հետամուտ լինել Արցախի հայաթափման հանցագործությունը պատժելու գործընթացին՝ Ալիևին ու նրա գործակիցներին մեղադրյալի աթոռին նստեցնելու և զուգահեռաբար արցախահայության իրավունքների վերականգնման խնդիրն արծարծելու նպատակով։
Միայն թե այդ ընթացքում հայ ժողովուրդն իր մեջ ուժ պետք է գտնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը վերականգնելու համար, որովհետև Ադրբեջանի ճնշումներն առաջիկայում ինքնստինքյան դեռևս չեն վերանալու։ Ամեն դեպքում, Ադրբեջանի դեմ ՀՀ արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը (ինչի մասին վերջերս ակնարկվում է) կլինի ոչ այլ ինչ, քան պետական դավաճանություն։
Հ.գ. Ինչպես ցույց է տալիս ՄՔԴ-ի նախորդ փորձը, Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրամաններով գործը չի սահմանափակվելու։ Դրան պարտադիր հետևելու են Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության այլ անդամներին ներկայացվելիք մեղադրանքներն ու ձերբակալության նոր հրամանները։ Պետք է ձգտել, որպեսզի սրանց ճակատագիրը կիսեն նաև ոճրագործ Ալիևն ու նրա մանկլավիկները»։