Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան
2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին: Այս մասին գրել Արտակ Զաքարյան
Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր. “…մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի՞ կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ”:
Միևնույն ժամանակ, հայաստանյան հանրային դաշտը, օտար տեխնոլոգիաների ազդեցությամբ, մանիպուլյացիաների ու էյֆորիայի մեջ խրված, ի զորու չէր լսել ռացիոնալ կառավարում և հայանպաստ որոշումներ կայացրած ղեկավարի խոսքը:
Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին: Մարդիկ մոռացել էին Արցախի ապագայի մասին, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության մասին, քաղաքականության դաժան պատիժների մասին, մեր ժողովրդի պատմության դասերի մասին, սեփական ապագայի մասին: Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք": Փոխարենը եղավ մեծ ողբերգություն, համազգային ծանր կորուստներ և կապիտուլյացիոն խայտառակություն: