Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով
Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային ներգաղթյալներ այլ երկրներից՝ ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացումն ապահովելու համար. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներգաղթյալներն անհրաժեշտ են: Փաստն այն է, որ մենք ժողովրդագրական շատ լարված իրավիճակ ունենք։ Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք: Երկրի դինամիկ զարգացման համար Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ այլ երկրներից: Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երբ խոսքը վերաբերում է ներգաղթյալների ներգրավման մասին, իշխանություններն առաջին հերթին պետք է մտածեն երկրի քաղաքացիների շահերի մասին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներգաղթյալները ռուսաստանցիների շրջանում «չընդունվելու իրավիճակ չեն ստեղծի», եթե տիրապետեն օրենքներին և պատրաստ լինեն դրանք կատարել, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսաց լեզվին։ Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստան ժամանած ներգաղթյալները պետք է ապրեն «մարդկային պայմաններում» և օգտվեն բոլոր առավելություններից։