Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20 հազար դոլար, զարդեր
Նոյեմբերի 15-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և կատարել խոշոր չափի գողություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն հասցեի բնակիչ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք է գործել իր տուն և այնտեղից գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ, կանացի պայուսակ, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, 50 լարի, 150 հազար դրամ, անձնագիր և Վրաստանի սոցքարտ:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանքը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: