Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց
Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է հարկերը բարձրացնել 6 անգամ, գործող 5 տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործող հարկային օրենսգիրքն ապապետական է՝ Սարգսյանն ասաց, որ ինքը 100 տոկոսով համաձայն է այն մտքի հետ, որ գործող հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը և ավելի շատ փող աշխատելը։
«Այս ապապետական օրենսգիրքը պետականամետ դարձնելու համար ընտրվել է սխալ մեթոդ, քանի որ այն ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ավելի է խորացնում։ Խնդիրն այն է, որ բիզնեսները Հայաստանում հիմնադրվում են, զարգանում են, բայց երբ հասնում են այն մակարդակին, որ տարեկան շրջանառությունը մոտենում է 115 մլն դրամին՝ կանգ են առնում, դադարում են ներդրումներ կատարել կամ բիզնեսը տրոհում են մասերի, սկսում են ստվերում աշխատել, անում են ամեն ինչ, որ 115 մլն դրամը չանցնեն։ Ըստ էության՝ այս 115 մլն դրամը նման է մեքենայի ձեռքի արգելակին, որը խանգարում է, որ բիզնեսը աճի։
Այս արգելակը վերացնելու համար կա 2 տարբերակ՝ առաջին տարբերակն այն է, որ վերացվի շրջանառության հարկը, երկրորդ տարբերակն այն է, որ շրջանառության հարկի շեմը բարձրացվի։ Ֆինանսների նախարարությունը որոշել է գնալ առաջին տարբերակով, որի պատճառով այս արգելակը տեղափոխվում է ավելի ներքև, երբ բիզնեսը հիմնադրման առաջին օրվանից պետք է աշխատի արգելակը քաշած վիճակում և իր աշխատած 100 դրամից պետք է վճարի 31 տոկոս հարկ։ Պլանավորվում է ամբողջ տնտեսությունը բերել այս դաշտ, բայց սկզբում այն կտարածվի մի քանի ոլորտների վրա, որտեղ աշխատում են 10-յակ հազարավոր քաղաքացիներ»,-ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ փաստարկի մեխանիզմը հետևյալն է. եկամուտը հարկվելու է 16.67 տոկոս ԱԱՀ-ով, այնուհետև մնացորդը՝ 83.33 տոկոսը հարկվելու է 18 տոկոս շահութահարկով, որը կազմում է ընդհանուր գումարի 15 տոկոսը, իսկ 16.67 գումարած 15 հացասար է 31.67 տոկոս։
«Միաժամանակ, 4-12 անգամով ավելանալու են նրանց սոցիալական վճարները»։
Սարգսյանը նաև նշեց, որ ընդունված է, որ բիզնեսի հարկն ավելի ցածր պետք է լինի քան վարձու աշխատողի հարկը, քանի որ բիզնեսի ռիսկերն ավելի ռիսկային է։ «Մինչդեռ այս նախագծով անհատ ձեռնակատերը պետք է վճարի 50 տոկոսով ավելի հարկ, քան նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողը»։
Դիմելով պատգամավորներին՝ նա ասաց. «Հիմա կասեք, բա եթե այսքան վատ նախագիծ է՝, ինչու է կառավարությունն այն ընդունել ու ուղարկել ԱԺ։ 2018 թ-ից հետո, ես մասնակցել եմ տարբեր քննարկումների, որտեղ խոսվելէ այն մասին, որ շրջանառության հարկը չարիք է, տնտեսության աճին խոչընդոտող ամենամեծ խնդիրն է ու պետք է աստիճանաբար հրաժարվել դրանից»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունն հիմնավորող ցուցանիշները սխալ են։
«Ֆինանսների նախարարը կառավարությունում օրենքի նախագիծը ներկայացնելով ասում էր, որ մասնագիտական ծառայություն մատուցողների հարկ ավելանալու է 2.8 անգամ, մինչդեռ հաշվարկը ցույց է տալիս, որ իրականում ավելանալու է 6 անգամ»։
Աղբյուր` Փաստինֆո