Լիբանանը եւ «Հեզբոլլահ»-ը ընդունել են Իսրայելի հետ հրադադարի հաստատման մասին ԱՄՆ վերջին առաջարկները․ Reuters
Լիբանանը եւ «Հեզբոլլահ» շարժումը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած նախագծին՝ բովանդակության վերաբերյալ որոշ մեկնաբանություններ անելով։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Լիբանանի խորհրդարանի նախագահի օգնական Ալի Հասան Խալիլը:
Նրա խոսքերով՝ երկուշաբթի Լիբանանն իր գրավոր պատասխանն է ուղարկել Բեյրութում Ամերիկայի դեսպան Լիզա Ջոնսոնին։ Պաշտոնյան նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելից՝ հրադադարի հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերն անվանելով երբեւէ գործադրվածներից «ամենալուրջը»։
Այլ մանրամասներ չհայտնելով՝ Խալիլը միայն նշել է, որ լիբանանյան կողմի մեկնաբանությունները ներկայացվել են դրական լույսի ներքո։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, հանրապետական իշխանությունները այժմ համաձայնագրի մանրամասները կքննարկեն ԱՄՆ գործակալ Ամոս Հոհշտեյնի հետ, որը շուտով կայցելի Բեյրութ։
Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։