Փաշինյանի տարօրինակ «խնդրանքը»
Կադրային մեծածավալ փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը մի տարօրինակ տեքստ տարածեց երեկ կեսօրին, երբ արդեն շրջանառվում էին տասնյակ վարկածներ:
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- ասված է Փաշինյանի տարածած տեքստում:
Այս տեքստը, ինչպես Փաշինյանի մյուս հրապարակային խոսքերը, արտառոց է:
Ի՞նչ է նշանակում «մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները» արտահայտությունը, երբ Փաշինյանը խոսում է իր ենթակաների մասին:
Երբ ստորադաս պաշտոնյան թերացել է կամ կորցրել է իր վերադասի վստահությունը, նրան ազատում են պաշտոնից՝ ինչ- որ բան խնդրելու փոխարեն:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, չի գիտակցել, որ կաբինետի անդամներին, որոշակի այլ պաշտոնյաների նշանակելը կամ պաշտոնից ազատելն իր սահմանադրական պարտականությունն է:
Բայց նույնիսկ այս պարագայում խնդիր գոյություն ունի, որովհետև, օրինակ, եթե «խնդրվողների» թվում եղել է նաև հրաժարական տված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ապա ապացուցվում է ընդդիմության այն պնդումը, թե դատական իշխանությունը գտնվում է գործադիրի կրնկի տակ:
Սուրեն Սուրենյանց