«ՀԷՑ-ը խլել», «ՀԷՑ-ը մասնատել»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարության ներկայցրած թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը չի հերքել, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի բարեկամն է։
«Սասուն Միքայելյանն իմ բարեկամն է, իմ հարազատն է, իմ ընկերն է, բայց ես, հայրս, միակ որդիս էներգետիկներ ենք։ Մինչ այս պաշտոնում առաջադրվելը ես բավական պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել և իմ թեկնածությունը կապված է բացառապես մասնագիտական որակներիս հետ», - ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Մեսրոպյանը։
Լրագրողների հարցին, թե հանձնաժողովի նախկին նախագահին համարում էին ռուսամետ, համենայն դեպս նման լուրեր տարածված էին, Մեսրոպյանն ասաց, որ իրեն բախտ է վիճակվել սովորել Ֆրանսիայում, անցյալ տարի որդու հետ իր արձակուրդն անցկացրել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուգում ու կատակեց՝ «կարծում են, որ ինքը գնացել էր հավաքագրվելո՞ւ...»։
Մեսրոպյանն անդրադարձավ նաև ՀԷՑ-ը խլելու լուրերի հարցին՝ Եթե իմ թեկնածությունը հավանության արժանանա, ԱԺ կողմից, ես պատրաստվում եմ բավական պատասխանատու պաշտոն զբաղեցնել ու աշխատել լրատվամիջոցների հետ, ինչ է նշանակում ՀԷՑ-ը խլել, ես կնախընտրեմ, որ հարցերը ճիշտ ձևակերպվեն` «ՀԷՑ-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է, ես նման օրակարգ չունեմ»,- ասաց Մեսրոպյանը։
Նա նշեց, որ համաձայն է, որ ՀԷՑ-ի հետ կապված կան ցուցանիշեր, որոնք չեն բավարում բոլորին, բայց նախընտրում է ուսումնասիրել, տեսնել։
«Տեսանելի են այդ խնդիրների պատճառները, պետք է այդ պատճառների հետևից գնանք, շարունակենք», - ասաց Մեսրոպյանը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականից մոտ 1 ամիս անց ՔՊ վարչությունը որոշեց, որ կառավարությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում պետք է առաջադրի Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
Աղբյուր` Փաստինֆո