Կարեն Սարուխանյանի քեռին ևս ձերբակալված է եղել թմրանյութերի գործով
Օրեր առաջ գրել էինք, որ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին։
Euromedia24․com-ի տեղեկություններով, քննչական կոմիտեն ազատ է արձակել, խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին, Կարեն Սարուխանյանի քեռորդու՝ Վարուժ Խոջումյանի, ընտանիքում ևս եղել է թմրանյութերի պահելու և օգտագործելու դեպք։
Այսպես, դատարանը Կարեն Սարուխանյանի քեռուն՝ Մանվել Վարուժանի Խոջումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել`ազատազրկման 6 ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտել`ազատազրկման 1 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համակցությամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով՝ Մանվել Վարուժանի Խոջումյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Սակայն կիրառել է համաներում՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության Անկախության հռչակման 100 ամյակի կապակցությամբ։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը «ստորագրություն չհեռանալու մասին» վերացնել:
Իրեղեն ապացույց 6.64 գրամ վերջնական ընդհանուր քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոչնչացնել:
Ի դեպ, պատգամավորի քեռու գործով դատավորը եղել է Աշոտ Զավենի Մանուկյանը, ով նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հայրն է։
Զավեն Մանուկյանը համայնքապետ է ընտրվել 2023 թվականին, համայնքի ընտրված ղեկավարի հրաժարականից հետո։
Ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, Զավեն Մանուկյանը Կարեն Սարուխանյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ Զավեն Մանուկյանի ընտրվելու կապակցությամբ տեղի ունեցած խնջույքի ժամանակ, վեճ էր տեղի ունեցել քրեական հեղինակությունների և Կարեն Սարուխանյանի միջև։