35-ամյա տղամարդը ծեծել է հղի կնոջը, ապա՝ դանակն ուղղել փորին
Երևանում 35-ամյա տղամարդը բռնություն է գործադրել իր հղի կնոջ նկատմամբ, ապա՝ դանակով սպառնացել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2022թ․ նոյեմբերի 27-ին՝ Երևանում գտնվող բնակարաններից մեկում, որտեղ տղամարդը վիճել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող հղի կնոջ հետ՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա դեմքին։
Վեճը, սակայն, ծեծով չի ավարտվել։ Նույն օրը Երևանի 35-ամյա բնակիչը դանակով սպառնացել է կնոջը՝ նախ դանակն ուղղելով նրա պարանոցի, ապա՝ փորի ուղղությամբ՝ սպառնալով, որ չի թողնի երեխային իր հետ տանի, փորից կհանի։
Ամիսներ անց՝ 2023թ․ հունվարի 13-ին, նորածին որդուն տեսակցելու պատրվակով տղամարդը գնացել է արդեն նախկին կնոջ բնակության վայր, ոտքով հարվածել և կոտրել է բնակարանի դուռը։ Այս դեպքերից հետո իրավապահները նախազգուշացրել են բռնարար տղամարդուն՝ թույլ չտալով 50 մ․ հեռավորությունից մոտենալ կնոջը, ինչը նրան չի խանգարել։ Ի հեճուկս արգելքի՝ դեպքից օրեր անց՝ հունվարի 24-ին, նա կրկին այցելել է նախկին կնոջ բնակության վայր։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում։
Ի․ Ս․
Աղբյուր` Փաստինֆո