Վաղը կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. նա այժմ տնային կալանքի տակ է
Վաղը նոյեմբերի 12-ին, ժամը 16:30-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի «Վայք» նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ հերթական քրեաքաղաքական շինծու գործով դատական նիստը: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Նիստը լինելու է դռնբաց: Հիշեցնեմ, որ սույն գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում, այժմ խափանման միջոց է ընտրված տնային կալանքը, իսկ սահմանադրական դատարանը՝ սույն գործով որպես քաղաքական հետապնդման գործիք հանդիսացող 236-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ կարծիք ստանալու համար, դիմել է Վենետիկի հանձնաժողով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։