Խաղաղություն հնարավոր չէ ունենալ այս տարածաշրջանում, առանց Արցախի ժողովրդի անվտանգության իրավունքների ու կարգավիճակի հարցի լուծման. Բեգլարյան
Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության իր պարտավորությունները՝, որի հետևանքն այն է, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք։ Եռաբլուր ենք այցելում՝ մեր զոհերի հիշատակին հարգանք մատուցելու համար», - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ստեղծված իրավիճակում, արդյոք, Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանզի մնացած դրույթները չեն կատարվել ու հիմա խոսվում է միայն 9-րդ կետի՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ Ա. Բեգլարյանն արձանագրեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է դիտարկել ամբողջության մեջ։
«Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն, բայց այստեղ ես չէի ուզի, որ մենք մեր իրավունքների հարցը սահմանափակենք միայն եռակողմ հայտարարությունով, այլ պետք է խոսենք մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային ավելի բարձր իրավունքի նորմերով ու փաստաթղթերով ամրագրված են, այդ թվում նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումներով»,- ասել է Արցախի նախկին ՄԻՊ-ն ու ընդգծել, որ այդ փաստաթղթերը փաստում են, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք և այնտեղ անվտանգ, արժանապատիվ կյանք ունենան։
«Առաջնային բանակցողը պետք է լինի ՀՀ-ն, որովհետև Արցախի ղեկավարությանը ոչ ոք հաշվի չի առնում ու հնարավոր էլ չէ, որ հաշվի առնեն, որովհետև մենք այլևս գործոն չենք, Արցախում լինելով գործոն էինք, կորցնելով Արցախը, որևէ մեկը չի էլ ուզում մեզ հետ հաշվի նստել, այդ թվում՝ միջազգային միջնորդները, իսկ ՀՀ-ն մշտապես եղել է , հիմա էլ պետք է լինի Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորը»,- հայտարարել է Արտակ Բեգլարյանը։
Նրա արձանագրմամբ՝ Հաագայի դատարանի որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած հայցի հիման վրա, այստեղից էլ ՀՀ-ն լրացուցիչ պարտավորություններ ունի։ «Խաղաղություն հնարավոր չէ ունենալ այս տարածաշրջանում, առանց հակամարտության հիմնական հարցերը հասցեագրելու և լուծելու, իսկ դրա կորիզը Արցախի ժողովրդի անվտանգության իրավունքների ու կարգավիճակի հարցն է։ Հետևաբար, այս հարցն անտեսելով, մենք որևէ տեղ չենք հասնելու»,- եզրափակել է Բեգլարյանը։
Աղբյուր` Փաստինֆո