Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու․ ակցիա՝ գերիների վերադարձի պահանջով (տեսանյութ)
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից և Արցախի ամբողջական հայաթափումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել վերջիններիս հայրենիք վերադարձի ուղղությամբ, այլև իրենց թշնամահաճո քայլերով ու հայտարարություններով է՛լ ավելի են ամրապնդել Բաքվի հանցավոր ռեժիմի դիրքերը ինչպես նշյալ, այնպես էլ Բաքվում մի քանի տարի շարունակ պահվող այլ գերիներին չվերադարձնելու գործում:
Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովը (COP29) ևս մի առիթ է՝ հիշեցնելու աշխարհին, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան և մշակութասպան վարքագիծը:
Համաժողովին ընդառաջ պահանջում ենք մասնակից երկրների բոլոր պատվիրակներից՝ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ազատ արձակի Բաքվի բանտերում ապօրինի պահվող անձանց:
Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու: Բաքվի ռեժիմի և նրա խամաճիկ ՀՀ իշխանության հանցավոր ընթացքը պետք է կասեցվի՛»: