Մինչև 2043 թիվը «Հայկական կոնյակ»-ից հետք չի մնա․ ՔՊ-ի հերթական հանձնումը
Համացանցում երեկվանից ակտիվ քննարկվում է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3 միլիոն դոլարի դիմաց «Կոնյակ» առևտրային նշանը 2021 թվականին վաճառել է Ֆրանսիային։
Սա նորություն չէ, քանի որ այս հարցը ներառված է եղել Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի նիստի օրակարգում։
Նշվում էր, որ ԵՄ ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «Կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։
Կառավարությունը 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստում համաձայնություն էր տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջև ֆինանսավորման այդ նոր համաձայնագրի ստորագրմանը և ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակել կազմակերպել դրա նախապատրաստումը։
Նշենք նաև, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է եղել դեռ 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից։
Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «Շամպայն» անվանումից։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստին կես կատակ, կես լուրջ անդրադարձավ այս թեմային՝ տպավորություն ստեղծելով, որ արդարանում է «Կոնյակ» առևտրային նշանից հրաժարվելու համար։
«Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։
Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից: Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում»,- Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հարկ է նշել, որ Երևանի կոնյակի գործարանը, որն արտադրում է լեգենդար «Արարատ» կոնյակը, 1988 թվականին վաճառվել է «Pernod Ricard» ֆրանսիական ընկերությանը։
Հարց է առաջանում՝ ֆրանսիական ընկերությանը պատկանող Երևանի կոնյակի գործարանը և՞ս իրավունք չունի «Կոնյակ» անունով խմիչք արտադրել, թե ի տարբերություն մյուսների՝ դրա իրավունքը ՀՀ-ում միայն ինքը կունենա։
Նշենք, որ «Կոնյակ» բառի փոխարեն շրջանառվում է «Բրենդի» անվանումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ վերջերս հայտարարել էր, թե բրենդիի հայ արտադրողներն արդեն իրենք են հրաժարվում «Կոնյակ» բառից։
Oragir.News-ը երեկ Երևանի կոնյակի գործարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեց՝ արդյոք պահպանելո՞ւ են «Կոնյակ» անվանում, թե՞ հրաժարվելու են և այսուհետ կիրառեն «Բրենդի» անվանումը։ Նաև գրավոր հարցում ուղարկեցինք, բայց աշխատանքային օրվա ավարտին որևէ պատասխան չստացանք։ Այսօր ևս փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, սակայն, մեր զանգերը մնացին անպատասխան։
Նշենք, որ «Կոնյակ» և «Շամպայն» անվանումներից հրաժարվելու և նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին մինչև 2043 թվականը ժամանակ է տրվել։
Փաստացի, սա գործող իշխանությունների հերթական հանձնում է, ինչը փորձում են մանիպուլացնել և այլ ձևով ներկայացնել։
Նարեկ Խաչատրյան