Ֆրանսիան աջակցություն է հայտնում Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Մակրոն
Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը նպաստելը: Այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագթնաժողովին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և այն ձեռք է բերվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով, ինչը մենք շատ ենք ցանկանում»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունը վճռորոշ դեր ունի նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդարձակ հարաբերությունների կառուցման գործում։
«Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարության, Հարավային Կովկասի միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։