Հույս ունենք ԱՄՆ նորընտիր նախագահը չի աջակցի «պատերազմի Աստված» Նեթանյահուին
Իսրայելալիբանանյան ռազմական գործողությունների ավարտը չի երևում։ Երկու երկրներում ապրող մեր հայրենակիցները վստահեցնում են, որ գնալով դրա հրահրողները փոխում են թե՛ պատերազմի կանոնները և թե՛ ռազմավարությունը։
«Մենք անհամբեր սպասում էինք ԱՄՆ նախագահական ընտրություններին, հուսալով, որ նորընտիր նախագահը չի աջակցի արդեն իսկ «պատերազմի Աստված» անունը ստացած Նեթանյահուին։ Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս հակամարտությունը ձեռք է տալիս աշխարհին։ Գազայում հազարավոր երեխաներ են զոհվել, շենք-շինությունները հավասարեցվել են գետնին։ Հարյուր հազարավոր մարդիկ գիշերում են վրաններում։ Հիմա նույն իրավիճակը սկսվել է Լիբանանում, բայց Իսրայելին սանձող չկա»,-MediaHub-ին ասաց բեյրութցի Նազո Բերբերյանը։
Նա ընտանիքով շարունակում է ապրել Բեյրութում, իր տանն ընդունել է Սայդայից տեղահանված մեկ հայ ընտանիքի։ Հատկապես հարավում՝ պատերազմն օր օրի ավելի է ահագնանում։
«Ամբողջ Բեյրութը անճանաչելի է։ Մարդիկ ապաստանում են ստորգետնյա անցումներում։ Գոնե հացի խնդիր չունենք, բայց Գազայի հատվածում սով է։ Իսրայելը բլոկադայի մեջ է առել խեղճ ժողովրդին, որոնց ձայնը չեն լսում ոչ ոք։ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները ճակատագրական կլինեն մեր տարածաշրջանի համար։ Բայդենի իշխանությունը զորակցում է Իսրայելին, զինում Ուկրաինային, աջակցել է Ադրբեջանին»,-ասաց Բերբերյանը։
Իսրայելի մայրաքաղաքում Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ՝ երեկ պաշտոնազրկվեց այդ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Փոփոխություններ են եղել նաև ԱԳՆ-ում։ Բերբերյանի խոսքով՝ նրանք պատրաստվում են ավելի թեժացնել մարտերը։
«Կնոջս հարազատ եղբայրն ապրում է Թել Ավիվում։ Այնտեղ էլ իրավիճակը կայուն չէ։ Ամենուր բողոքի ակցիաներ են, անհնազանդություններ ու անկարգություններ, բայց «պատերազմի Աստվածը» չի հեռանում, որովհետև նրա նպատակն է իր կազմի մեջ առնել ամբողջ Գազան և Լիբանանի հարավը»,-համոզմունք հայտնեց Նազո Բերբերյանը։