Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով վկաները պնդում են՝ հայհոյանքներից չեն անհանգստացել, բովանդակությանն են հետևել
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվում են վկաները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը՝ Տաթևիկ Ալեքսանդրյանը, դատարան է հրավիրվել՝ «Իմնեմնիմի» հաղորդման յութուբյան ալիքում մեկնաբանություն թողնելու համար։
«27 տարեկան հասակում youtube-ում քոմենթ գրելու համար կանչվել եմ դատարան, չեմ գրել ոչ մի վիրավորական բան, ուղղակի կարծիք եմ հայտնել»,- հայտարարեց Ալեքսանդրյանը։
Նա հայտնեց, որ լսել է «Իմնեմնիմի» հաղորդում, որին հրավիրված էր քաղաքագետ և ոչ մի արտառոց բան չի լսել այդ հաղորդման ժամանակ։
«Իմ տարիքի լեքսիկոնը չէ հայհոյանքը, բայց երբ երկրի վիճակը շատ ավելի վատ է, քան այդ հայհոյանքը, որը կարող է հնչել ցանկացած տեղ, իմ համար ինչ-որ անբնական բան չի կարող ստեղծել այն։ Այսինքն՝ ես չեմ կարող նայել հաղորդում, որտեղ խոսում են շատ խիստ գրական, լուրջ դեմքի արտահայտությունով, բայց ես չգիտեմ, թե հաջորդ օրը արթնանալու եմ ո՞ր երկրում և ինչ սահմաններով»,-հայտարարեց վկան՝ նշելով, որ ինքը քաղաքական վերլուծությունների համար է նայում։ Դատախազների հարցապնդումներին, որոնցով փորձ էր արվում պատասխան ստանալ, որ վկան անհանգստացած է եղել հաղորդման ժամանակ նման գնահատականներ, ըստ դատախազների՝ հայհոյանքներ լսելիս, վկան պնդեց, որ անհանգստություն չէր զգա «Իմնեմնիմի»-ն տան անդամներով նայելուց, որովհետև իրենց հետ էլ է նայում։ Վկան նկատեց նաև, որ youtube-ում նայելու դեպքում հենց ինքն է ընտրում, թե ինչ նայի, իսկ հեռուստատեսությամբ էլ դեմ չէր լինի նայել նման հաղորդում։
«Իմ երկրի վիճան այնպես է, որ իմ համար միևնույնն է հայհոյանքը, հաղորդումը նայելուից կհայհոյեն թե ոչ, որովհետև իմ ներսում էլ ինչ որ պահեր են լինում, որ ես էլ ուզում եմ հայհոյել ինչ որ բանի, որովհետև նորմալ չէ լիքը բան»,-կրկնեց Տաթևիկ Ալեքսանդրյանը։ Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք իր տանը հայհոյում են, վկան՝ դատավորի թույլտվությամբ չպատասխանեց հարցին, այն՝ անձնական բնույթի տեղեկություն է։
Մեղադրող Հայկ Ավետյանի հարցին՝ սպասում էր, որ սեռական բնույթի հայհոյանք կհնչի հաղորդման ժամանակ, Ալեքսանդրյանը նշեց, որ չի էլ հիշում որ եղել է սեռական բնույթի հայհոյանք։
«Լսել եմ «բ**» բառը, բայց եթե դա էլ բացենք այն հայհոյանք չէ»,- հայտարարեց Տաթևիկ Ալեքսանդրյանը և նշեց, որ միշտ նայել է փոդքաստը և առաջիկայում էլ շարունակելու է նայել այն։
Դատախազները պնդեցին, թե վկայի ցուցմունքում էական հակասություն կա։ Հաջորդիվ՝ դատարանում հարցաքննվեց դատակոչված վկաներից մյուսը՝ տիկին Կարինեն։ Վերջինս նշեց, որ հաղորդումները սկսել է նայել 2023թ․ վերջերից․ հայհոյանքներն իրեն չեն անհանգստացրել, քանի որ ինքը բովանդակությանն է հետևել։ Վկան նշեց, որ ինքը կցանկանար, որ հաղորդումը շարունակվի, լավ կլիներ՝ հայհոյանքներ չլինեն, բայց որ չլինի էլ՝ ոչինչ։ Ինքը տագնապի, անհանգստության զգացում չի ունեցել այդ հայհոյանքներից։ Նա նշեց, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի խորհրդով է նայել «Слово пацана» ֆիլմը։ Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ դատարանում քննարկման առարկա դաձվեց խափանման միջոց վարչական հսկողության սահմանափակումների հարցը։ Դատարանը թույլատրեց Սամսոնյանին և Սաղաթելյանին՝ վարել իրենց հեղինակային հաղորդումները։
Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է դեկտեմբերի 6-ին, կհարցաքննվեն մեղադրյալները։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։ Քրեական գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է։ Նախնական դատալսումների ընթացքում դատարանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան