Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից
Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանում սպառողին բացահայտ խաբում են, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թագուհի Մելքոնյանը։
«Առավոտյան այստեղ մեքենաս հեղուկ գազ լիցքավորեցին, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իրականում չեն լիցքավորել: Քանի որ լինում են դեպքեր, երբ վառելիքի մակարդակի ցուցիչը նույն պահին ցույց չի տալիս, սկզբում «հավատացի», որ լիցքավորված է, սակայն մոտ 2 կմ անցնելուց հետո հասկացա, որ ինձ խաբել են:
Քանի որ անկանխիկ էի վճարել և ՀԴՄ կտրոն պահանջել, վերադարձա և ցույց տալով լիցքավորման ժամը, աշխատակիցներին խնդրեցի բացատրել, թե ինչպես է ստացվել, որ մեքենան չի լիցքավորվել: Մեքենաս սպասարկած աշխատակիցն ասաց, որ անհնար է լիցքավորված չլինի, իսկ մյուսը վստահորեն հայտարարեց, որ մեքենայիս ցուցիչը հավանաբար չի աշխատում և որ իրենց մոտ տեղադրված սարքը ֆիքսում է, թե որ մեքենան որքան են լիցքավորել և որ իրենք հավատում են իրենց սարքին:
Երբ հայտարարեցի, թե կզանգահարեմ Տեսչական մարմին, թող գան՝ տեղում ստուգեն ու պարզեն, թե ու՞մ սարքն է խաբում, առաջին աշխատակիցն առաջարկեց նորից փորձել լիցքավորել: Բնականաբար, նորմալ լիցքավորվեց, մի բան էլ ավելի լցրեցին: Աշխատակիցն արդարացավ, թե նախորդ անգամ զբաղված է եղել այլ մեքենաներով և չի նկարել, որ չի լցվել: Փոխարենն ընդունելու իրենց մեղավորությունը և կատարվածի համար առնվազն ներողություն խնդրելու, լիցքավորողը ժպտալով ասում էր՝ «խնդիր չկա, հանգիստ եղեք»՝ ակնարկելով, թե մի բան էլ ավել ենք լցրել, չբողոքեք:
Չեմ բողոքում, պարզապես իրազեկում եմ քաղաքացիներին, որ «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ-ին պատկանող «Լճափ» բենզալցակայանում ավտոմեքենաները լիցքավորելիս լինեն զգոն և պահանջատեր, իսկ հիշյալ կազմակերպությանը, որի հիմնադիրն Արայիկ Ավագյանն է, հորդորում եմ աշխատանքի ընդունել բարեխիղճ աշխատակիցների, եթե իհարկե խաբեության սխեման չի գործում սեփականատիրոջ կամ տնօրենի հետ համաձայնեցված»,-գրել է լրագրողը։