Հարսանիք նկարահանողների մեքենան վթարի է ենթարկվել ու մոտ 80 մետր շպրտվել. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 11:10-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, այն մոտ 80 մետր շպրտել, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։ Իսկ երբ քաղաքացիները նրանց օգնության են հասել, նրանք եղել են ամրակապված և հենց ամրագոտու շնորհիվ է, որ հարվածներ ստանալիս ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել։