Նորատուսում հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել
Նորատուսում թակարդներ կան տեղադրված՝ գայլերի մուտքը գյուղի տարածք սահմանափակելու համար, սակայն, այդուհանդերձ, ոչխարների հոշոտման հերթական դեպքն է արձանագրվել։
«Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե ինչպես են գայլերը ոչխարներին հասել, թակարդներ են դրված, մեր բարբառով ասած՝ «թլեքներ», թե ինչպես են կարողացել մոտենալ, չգիտեմ»,- «Փաստինֆո»-ին ասաց համայնքի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը։
Նշենք, որ գայլերի կողմից հարձակման հերթական դեպքն արձանագրվել է այսօր՝ Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը, մտնելով անասնագոմում, նկատել է, որ մոտ 30 մայրացու գառ պակասում է, իսկ արդեն դրսում 4-ին հայտնաբերել է սատկած:
Նորատուսի վարչական ղեկավարը նշեց, որ դեպքի մասին մանրամասներ դեռ չգիտի, քանզի գտնվում է Երևանում՝ մասնակցելու հարազատի հոգեհանգստի արարողությանը։
«Փաստինֆո»-ի հիշեցմանը, որ մոտ մեկ ամիս առաջ Գեղարքունիքում կրկին գրանցվել էր գառների հոշոտման դեպք, Գրիգորյանն արձագանքեց, որ Շատվանը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, բավական հեռու է, այնտեղ գայլեր շատ կան։
Հիշեցնենք, որ նախորդ դեպքը գրանցվել էր հոկտեմբերի 17-ին. գայլերը հոշոտել էին Շատվան համայնքի բնակիչ Մանվել Հակոբյանին պատկանող 100 ոչխարի։ «Փաստինֆոն» կապ հաստատեց Շատվան համայնքի վարչական ղեկավարի հետ՝ պարզելու, թե արդյոք բնակչին փոխհատուցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են։ Պարզվեց՝ պատճառված վնասի գնահատում է արվել ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել կառավարություն։
«Իրենց ասելով՝ գալիք շաբաթվա մեջ պատասխան կլինի, մարզպետարանի գյուղբաժնի պետի տեղակալ Անդրանիկ Ջրաղացյանը հույս է հայտնել, որ չի անտեսվի»,- ասացի Շատվան համայնքի ղեկավարը։
Աղբյուր` Փաստինֆո