«Զոն նայողը», որը ՌԴ-ում դատվել էր քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ
ԱԱԾ կեղծ աշխատակիցների կողմից ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջ առևանգման գործով մեղադրյալներից երկուսը նախկինում դատվածություն ունեցել են, մեկը՝ մեքենաներից հափշտակության, մյուսը՝ «զոն նայողի» կարգավիճակ ուներ, որը դատապարտվել է ՌԴ-ում քրեական հեղինակության սպանության համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ԱԱԾ կեղծ համազգեստով անձինք Աշտարակի խճուղում գործող լողավազանի տարածքից առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջ։ Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար: Նշենք, որ մինչ այդ՝ հանցավոր կազմակերպության անդամները նախ պարզել են, որ նրա ազգականներից մեկն առողջական խնդիրներ ունեն և կնոջ ամուսնուն առաջարկել թոռան բուժումը կազմակերպել ՀՀ-ում, սակայն կինը հեռախոսազրույց ունենալով չի վստահել և մերժել է հանդիպումը։ Իրավապահները դեռևս չեն պարզել, թե ովքեր են ստեղծել և ղեկավարել հանցավոր կազմակերպությունը, ասել է թե՝ հայտնաբերել են միայն կատարողներին և կնոջ առևանգման գործով՝ հինգ մեղադրյալի՝ Վաչե Իսրայելյանի, Արմեն Նազարյանի, Արտյոմ Մուրադյանի, Արծրուն Օհանյանի, Արկադի Պապյանի, մասով գործն ուղարկվել է դատարան։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանին։ Մեղադրյալները կալանքի տակ են։
Պարզվում է՝ նրանցից երկուսը՝ Արկադի Պապյանը և Արմեն Նազարյանը նախկինում դատվածություն ունեցել են, ընդ որում, Պապյանի դատվածությունը դեռևս մարված չի եղել։ Մասնավորապես, Արմեն Նազարյանը նախկինում դատվել է տարբեր ավտոմեքենաներից հափշտակություններ կատարելու համար, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է համաներում։ Իսկ Պապյանն առավել ծանր գործերով է աչքի ընկել։ Նա 2012թ․ դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման՝ 2007թ․ ՌԴ Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքում գործող գիշերային ակումբում ռուս քրեական հեղինակության՝ Իգոր Նիկոնովի սպանության համար։ Վերջինս հակակրանք ու հակասություններ ուներ հայազգի անձանց նկատմամբ, ինչն էլ, ըստ գործի, եղել է սպանության շարժառիթը: Մինչ Պապյանը կմարեր դատվածությունը՝ հայտնի դարձավ նրա ներգրավվմամբ կոռուպցիոն հանցագործության դեպքի մասին։ Մասնավորապես, նա մեղադրվում էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ մոտ 2․5 մլն դրամի կաշառք տալու համար։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Արկադի Պապյանը, կաշառելով քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, փորձել է արտոնություններ ստանալ, որ որոշ խցերի դռները բաց պահվեն, թույլատրվի ազատ ելումուտ այդ խցեր, արգելված իրերի մուտքը, ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումը, ինտերնետն ու բջջային կապը: Այս գործով գործի վարույթը 2022թ․ կարճվել էր՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Լուսանկարը՝Forrights-ի