Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտակրյալ Արմեն Աշոտյան հոդվածը՝ ՔԿՀ-ից․

Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։

Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր հեղուկ «հետքը» դրոշմած սևուկ փրչոտին։

Բայց դե, գիտեք, հանրապետականները «կամ-կամերը» չեն ընդունում և ոչ մի դրսևորման մեջ, ուստի, գործի դնելով իմ ողջ դիվանագիտական զինանոցը և հմայքը, մարդ ու կին հասանք այդքան բաղձալի «և-և-ին»։ Եվ շունիկը, ում անունը իր սև բրդոտության և իմ լատինասիրության պատճառով դրեցինք Կարբոն, մնաց մեզ հետ։

Երբ անցյալ տարի հունիսի 15-ին Նիկոլի անմիջական հրահանգով մի խումբ թիկնեղ և ֆուլլ զինված հատուկջոկատայիններ ինձ ձերբակալեցին, վերջին խոսքերս, որ գոռացի դարպասներից դուրս գալով, եղել են` «շանը չմոռանաք կերակրել»։

Ազատազրկման առաջին ամիսներին հարազատներիս տեսակցելու կամ իրենց հետ խոսելու իրավունք չունեի։ Հետո տնեցիք սկսեցին գալ, իսկ շունս շարունակում էր առանց ինձ տեսնելու մեծանալ։ Ի դեպ, երբ Նիկոլին վերջապես ճամփենք և սկսենք լուծել երկրի առաջնային հարցերը, կարելի է հետո մտածել մի օրենսդրական նախաձեռնության մասին, որպեսզի տնային կենդանիները, որոնք շատ-շատերի մոտ գրեթե ընտանիքի անդամ են դառնում, նույնպես կարողանան այցելել ազատազրկված անձանց։

Կինս պատմում էր, որ երբ բերդից տուն էի ուղարկում իմ օգտագործված անձնական իրերը և շորերը, Կարբոնը անդադար հոտոտում էր այդ տոպրակը և փորձում լպստել։

15 ամիսների ընթացքում շունս, ում ցեղատեսակը սկզբից դիտում էինք որպես գամփռ, բայց հետո պարզվեց, որ ալաբայ է, ապրում էր մերոնց հետ, մեծանում էր՝ անփոխարինելի ընկեր դառնալով և յուրահատուկ անտիսթրես ծառայելով իմ կալանավորման պատճառով ծանր ապրումները սքողող տղաներիս և կնոջս համար։

Խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը ՔԿՀ ուղեկցողների հետ միասին հատեցինք տան դարպասների շեմը, որտեղ բակում ինձ դիմավորեց մի դըբռ շուն՝ մեծ գլխով և բամփ ու խռպոտ հաչոցով։ Հոգուս խորքում անհանգիստ, զգուշորեն մոտեցա շանս՝ ինքս ինձ հարցնելով` արդյո՞ք կճանաչի ինձ։ Դմբուլս կտրեց հաչոցը, մի քանի վայրկյան հոտոտեց ինձ, և, «Жди меня» հաղորդման հերոսների հուզմունքով, թքառատ լպստոցներով ու հրճվանքով ջանդակով մեկ թռավ վրաս։

Տնային կալանքի ռեժիմը ենթադրում է, որ քանի որ տանն եմ և օրվա առաջին կեսը՝ միայնակ, պարտավոր եմ զբաղվել նաև տան հոգսերով, որոնց շարքում բակ ու ծառ ունենալու դեպքում առաջնային խնդիրներից մեկը ջրելն է։

Մի հին շորտիկ ու կիսամաշ կոշիկ գցելով վրաս, երկար շլանգով ծառերը ցողելը դարձել է օրվա կարևոր զբաղմունք, որը, սակայն, հունից հանում է շանս։

Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Կարբոնը ջղային, նյարդահաչ իրարանցման մեջ էր հայտնվում։ Սկզբից կարծում էի, թե իմ ձգելուց ոլորվող շլանգից է նեղվում, փորձում էի ավելի հանդարտ շարժվել, բայց չէր օգնում։ Շունս իրեն ճղում էր։ Հետո կարծեցի, թե ջրից է նեղվում, ու սկսեցի իրենից հեռու ջրել, որ նրան գեթ մեկ կաթիլ չդիպչի։ Դա էլ չէր օգնում. Կարբոնս Լևիտանի ձայնով ու Քոնոր ՄաքԳրեգորի պատվախնդրությամբ շարունակում էր բարկանալ։

Եվ ահա մի երեկո, երբ հերթական անգամ բակը ջրջրելուց հետո բաց թողեցի շանս ու որոշեցի մաքուր օդին սիգարետ ծխել, ականատես եղա մի արարողության, որը բացահայտեց շան շարունակվող սթրեսի արմատը։ Ազատություն ստանալուն պես Կարբոնը հերթով և խիստ կանոնակարգված շրջում էր բակում ու շատ կոնկրետ ծառերի, թփերի տակ հետևի թաթերից մեկը բարձրացնելով և ֆիզիոլոգիական ֆունկցիաների գործադրմամբ` իր կենսատարածքի, իր իշխանության, իր ներկայության դրոշմն էր դնում։

Փաստորեն, շունս ներվայնանում էր, երբ իմ ջրելու հետևանքով ջնջվում էր իր «դեմարկացիոն» նշանային համակարգը։ Կարբոնս փրփուրը բերանին պայքարում էր, որ իր տարածքը անխախտ մնա, որ ոչ մեկ, նույնիսկ ես, չոտնձգեմ իր պատասխանատվության տակ գտնվող տարածքի վրա։

Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։

Լավ, դժվա՞ր է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելիս առաջնորդվել գոնե Կարբոնի սկզբունքայնությամբ, տնասիրությամբ, հայրենատիրությամբ և համառությամբ։ Սահմանազատման և սահմանագծման ողջ խայտառակությունն ապացուցում է, որ, իրոք, Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Պռոշյանում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է Ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել Ամուսնուս անձնագիրը, աննշան վնասված, պայթյունի վայրից գտել են. Ինչպե՞ս է ստացվել, որ անձնագիրը, մեքենայի բանալիները կան, ինքը չկա. Նաիրա Եղիյան Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը Հրազդանում վերամբարձ կռունկ է կողաշրջվել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին Իրանն սկսել է պարիսպներ կառուցել արևելյան սահմաններին Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է «Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան Դատավո՞ր, թե՞ Նիկոլի ծառա. 168.am Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Քֆուրը և հանրային սպասելիքները Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան Ո՞րն է ՔՊԿ–ի հայրենիքը «Ուրախ» ավտոբուս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am