«Շատ խելոք, շնորհքով երեխա է եղել, աշխատասեր, կոնֆլիկտային չի եղել»
Հրազենային մահացու վնասվածք ստացած Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 18 տարեկան էր, 7-8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:
«Իրենից փոքր եղբայր ունի` դպրոց հաճախող: Հայր, մայր, տատ: Միասին են բնակվում: Հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ընտանիքում բոլորը գյուղատնտեսությամբ են զբաղվում, ինքն էլ` ակտիվ ներգրավված էր այդ գյուղատնտեսական աշխատանքներում, կօգներ, նույնիսկ գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ էր իրականացնում` մինչև բանակ զորակոչվելը»,- ասաց Մնացյանը:
Բնութագրելով Դալլաքյանին` Մնացյանը նշեց, որ որքանով շփվել է` շատ խելոք, շնորհքով երեխա է եղել, աշխատասեր, իր գործով զբաղվող երիտասարդ էր, երբևէ վատ վարքագծով աչքի չի ընկել: Թե ինչ վարկածներ են շրջանառվում` համայնքապետը մանրամասներ չհայտնեց, նշում է` նախաքննություն է իրականացվում:
«Իրենց ընտանիքը գյուղում հարգված ընտանիքներից մեկն է` հարգանք, պատիվ ունեցող, աշխատասեր, երիտասարդն էլ` կոնֆլիկտային չի եղել, կոնֆլիկտների մեջ ներգրավված չի եղել»,- ամփոփեց Մնացյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
