Առջևում պակազուխան էր, այնպես, որ օրենքն ու իրավունքը մնացին հետևում և․․․ այդ է հիշվելու․․․
Տեղեկատվությունը, ըստ որի երեկ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան /նախկինում՝ Ֆելիքս Ձերժինսկու անվան/ դպրոց են մտել ԱԱԾ աշխատակիցները՝ դիմակավորված, ահ ու սարսափ տարածելով դպրոցում և հենց դասի ժամանակ գետնին տապալելով տարել են դպրոցի ուսուցիչներից մեկին, զարհուրելի և տխուր զուգորդումներ է առաջացնում։
Թե այս կերպով դպրոց մտնելու և չեկիստական այս կարգի սցենարի հեղինակն ով կարող է լինել, ձևից ու ոճից, թերևս, կռահել կարելի է։ Նկատենք, որ նույն գործողության վերաբերյալ տարբեր ատյաններ տարբեր մեկնաբանություններով են հանդես եկել, ինչն արդեն իսկ մտորելու առիթ է տալիս։ Ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչու՞ է դպրոց մտել ԱԱԾ-ն։ Թատրոն-թամաշայի կարի՞ք կար, թեմա՞ն էր այդպիսին, թե՞ անձը։
Ի վերջո, ո՞րն է նպատակը։ Դպրոցում երեխայի համար նորմալ, ապահով և անվտանգ ուսումնական գործընթաց ապահովե՞լը, թե՞ դպրոցում սարսափի մթնոլորտ ստեղծե՞լը։
Ենթադրենք, այն հանցանքը, ինչի մեջ կասկածվում է տվյալ աշխատակիցը, հաստատվում է, զարհուրելի սարսափ-տեսարանը դպրոցում սարքելով ինչի՞ հասան այն սարքողները, ու՞մ՝ ի՞նչ ապացուցեցին։ Մտել էին կրթօջախ, որ սարսափ-կինո խաղալով դպրոցի և նրա սաների, ուսուցիչների մտապատկերում սև բի՞ծ թողնեին․․․ Վախի մթնոլո՞րտ ստեղծեին․․․
Հասա՞ն իրենց ուզածին․․․
Առջևում պակազուխան էր, այնպես, որ օրենքն ու իրավունքը մնացին հետևում և․․․ այդ է հիշվելու․․․
ՈՒ դժվար, շատ դժվար է ակնկալել այս կարգի գործողություններով՝ երեխաների պաշտպանությանն ուղղված որևէ քայլ։
Պարզ է՝ վախի մթնոլորտ են ստեղծում ու սկսել են դպրոցից․․․
Ա․Ե․
Աղբյուր` Փաստինֆո