Սերժ Սարգսյանը հիացած է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպմանը Ս.Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Նա նշել է, որ Հայաստանը ուրախությամբ է հետևում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին և ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը:
