Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հանդես է եկել քարոզով.

«Քույրեր և եղբայրներ,

Այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։

Իշխանության մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամյակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասերներ ու կրոնավորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիվանագետներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ և բացահայտել իշխանության ձևավորման սկզբունքները, նրա բնույթը և նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թե ինչու և ինչպես են հասարակության մեջ առանձին անձեր օժտվում ավելի մեծ իրավասություններով ու հեղինակությամբ, քան ուրիշներ։

Հիսուսի ունեցած իշխանությամբ հետաքրքրվող պաշտոնյաների հետաքրքրասիրությունը, սակայն, ակնհայտորեն ուներ անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Ավետարանիչը պատմում է, որ Հիսուս անառարկելի հեղինակությամբ մուտք էր գործել հրեական տաճար և այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Հիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրավեր էր դարձել Տաճարի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայությունների կազմակերպման համար։ Ընկրկելով Հիսուսի հեղինակության առջև և երկյուղ կրելով Նրա շուրջ հավաքված բազմությունից՝ այս պաշտոնյաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես կատարում այս և ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս, իհարկե, անպատասխան է թողնում պաշտոնյաների սադրիչ հարցադրումը։ Նա արդեն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզության ընթացքում Հիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանություն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է, որ մարդկանց շնորհում է իշխանություն երկրի վրա։ Այս մասին է խոսում Հիսուս, երբ պատասխանում է Հռոմեական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն․ «Դու, - դիմելով Պիղատոսին ասում է Հիսուս, - դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11)։ Այսպիսով, Հիսուս, այլև՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանությունը, այլև քարոզում են հնազանդություն վերջինիս նկատմամբ, ինչպես ձևակերպել է Պողոս Առաքյալը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդվի նրան․ քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի․․․» (Հռոմ․ 13։1)։

Պողոս Առաքյալին երկրորդում է նաև Պետրոս Առաքյալը․

«Ի սեր Տիրոջ, հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին գովելու համար» (Ա Պետ․ 2։13-17)։

Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է․ «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ․ 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ․ 10։8)։

Հետևաբար՝ այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից։

Քույրեր և եղբայրներ,

Խիստ խորհրդանշական ենք տեսնում, որ Տաճարի վերաօծման առաջին իսկ կիրակի օրը Սուրբ Գրքի ընթերցումները մեզ առաջնորդում են իշխանության գաղափարի շուրջ խորհրդածությունների․ իշխանություն, որով օժտված է նաև այս Սուրբ Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին․ իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից՝ հոգ տանելու համար Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության։ Այդ իշխանությունը նվիրագործված է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, երբ Աստված Ինքը իջավ երկնքից և սրբագործեց այն վայրը, ուր հենց կառուցվել է Սուրբ Էջմիածնի վերասրբագործյալ այս Մայր Տաճարը։ Սա այն վայրն է, ուր Նոյ Նահապետն առաջին զոհը մատուցեց համաշխարհային ջրհեղեղից հետո։ Սա այն վայրն է, ուր Հայկ Նահապետը զոհասեղանի վրա գոհաբանական աղոթք մատուցեց մեր հայրերի Աստծուն։ Այս վայրո՛ւմ Աստված խոսեց Նոյ ու Հայկ Նահապետների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և մեր սրբազան նախնիների հետ։ Սուրբ Էջմիածինը այսպես է դարձել մեր հոգևոր ու ազգային ինքնության կնիքը, դարավոր վկան մեր գոյության ու հարատևության։ Մեր մատենագիրները պատմում են, որ Էջմիածինը կառուցվեց Արարատ լեռան լանջից բերված ժայռաբեկորներով, և դրա համար էլ Սուրբ Էջմիածինը Արարատացել է ու հավերժացել, դարձել անհաղթահարելի ու անխոցելի։

Հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե՝ ի՞նչ իշխանությամբ է գործում Սուրբ Էջմիածինը և Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։ Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը և Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։

Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ։

Եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Եկեղեցին և եկեղեցականությունը կաշկանդված են միայն ու միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։

Եկեղեցին ևս, Հիսուսի նման, չի պատասխանելու Իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե՝ Ի՛նչ իշխանությամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս Սուրբ Տաճարը և այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, և այս Եկեղեցով սրբանալու հույս ու շնորհ ենք ստանում նաև մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հավաքված հավատացյալներս՝ եկեղեցականներ և աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք և տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործվելու մղումը։

Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ։

Թող Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները և անվրդով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ մեր ժողովրդին, այստեղ և ամենուր․ ամեն»։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video) Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշը դատարանի դռներն է ընկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն. «Փաստերի ստուգման հարթակ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը #ՀԻՄԱ․ ՔՊ–ականներ, շա՞տ եք վախեցել մեր խոսքից, որ ժամ առաջ էդ չարիքից պիտի ազատվենք․ Սրբազան (video) Շմոլ գազից թունավորված ընտանիքի անդամների վիճակը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում Երևանում «Ford Fusion»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am