Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ երեքշաբթի կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին:
Երեքշաբթի միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն միությանն առընթեր դիտորդ պետությունները և հրավիրված հյուրեր: