Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից
Նյու Յորքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ եւ ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։
Գերմանական կողմը մանրամասն տեղեկացրել է այն աշխատանքի մասին, որն արել է COP29 նստաշրջանին ընդառաջ, որը տեղի է ունենալու Ադրբեջանում, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովը պատմել է տարածաշրջանում հետհակամարտային վիճակի, օկուպացված Արցախում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ «շարունակվող տարածքային հավակնությունները մեր երկրի նկատմամբ, որոնք պարունակվում են Հայաստանի Սահմանադրությունում եւ օրենսդրական փաստաթղթերում, ինչպես նաեւ այդ երկրի սրընթաց սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն այլ հարցերի վերաբերյալ։
Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ հիշատակել էին բազմաթիվ պայմանագրերի եւ պայմանավորվածությունների մասին ռազմական ոլորտում, որոնք ձեռք են բերվել մի շարք երկրների, մասնավորապես՝ Պակիստանի, Թուրքիայի եւ Իսրայելի հետ։
NEWS.am