Կոչ.օրենքի բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ

Կոչ ԱԺ պատգամավորներին՝ առաջնորդվելով անձի կյանքի և առողջության իրավունքների առաջնահերթությամբ, ջատագովել «Ընտանեկան բռնության կանխարգելման ևընտանեկան բռնությանենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավումը և նպաստել օրենքի ընդունման գործընթացին, քանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ:  Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված: Սույն նամակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ցանկանում է ձեր ուշադրությունը հրավիրել Նարինե Դանիելյանի սպանության գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 6 ամիս շարունակվող դատաքննության վրա՝ մատնանշելով օրենսդրական դաշտի բացը` ինչպես ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերի արդար դատաքննության ապահովման գործընթացում: 38-ամյա Նարինե Դանիելյանի ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը մեղադրվում է կնոջ սպանության մեջ. Նարինեի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնաբերվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին` Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում: Ձեզ ենք ներկայացնում այս գործին վերաբերող մի քանի կարևոր կետեր, որոնք օրինաչափություն են հանդիսանում ընտանեկան բռնության դեպքերի դատական քննության գործընթացում:

  1.  Տվյալ հանցագործությունը քննվում է որպես մեկանգամյա դեպք, այլ ոչ դե շղթայական բնույթ կրող և տարբեր տեսակներով դրսևորվող բռնարար վարք: Այն փաստը, որ մեղադրյալ Արթուր Մելիքսեթյանը 25 տարվա ընթացքում խեղել է կնոջ և երեխաների կյանքը (մեղադրյալը դատարանում ընդունել է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը ծեծի ենթարկելու փաստը)՝ պարբերաբար բռնության ենթարկելով նրանց, դուրս է մնում դատարանի ուշադրության կենտրոնից, մինչդեռ ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկը ճնշումների պարբերականությունն է: Կնոջ նկատմամբ գործադրված հոգեբանական (սոցիալական ծայրահեղ մեկուսացում, մշտական վերահսկողություն) և տնտեսական (աշխատելու արգելք) ճնշումները դատարանում չեն որակվում որպես բռնություն և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ: Մինչդեռ առաջարկված նախագիծը սահմանում է թե՛ ընտանեկան բռնությունը, թե՛ դրա տեսակներն ու պարբերական բնույթը՝ այդպիսով իրավական հիմք հանդիսանալով անհրաժեշտ դատավարական որակումներին: Այնուամենայնիվ, նախագիծը չի քրեականացնում ընտանեկան բռնությունը և չի նախատեսում ընտանեկան բռնությունը որպես հանցագործության ծանրացուցիչ հանգամանք: Այս քայլերը կնպաստեին բռնության դեպքերի վերհանմանը և անպատժելիության մթնոլորտի վերացմանը:
  2.  Որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկվում է մեղադրյալի խնամքին երեք անչափահաս երեխայի գտնվելը, որոնք փաստացիորեն գտնվում են մեղադրյալի ծնողների խնամակալության ներքո, ինչը կրկին վկայում է ընտանեկան բռնության երևույթի ընկալման բացակայության և նույն հանցակազմով քննվող այլ հանցագործությունների հետ նույնականացման մասին: Մինչդեռ տվյալ դեպքում անհրաժեշտ են երեխաների պաշտպանությանը, նման դեպքերում նրանց հոգեբանական և այլ աջակցության տրամադրմանը, ծնողական իրավունքների պատշաճ իրականացմանն ուղղված մեխանիզմներ, որոնք կբացառեն հանցագործի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով երեխաների խնամքի շահարկումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարող է հանդիսանալ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի լրացումը՝ բռնությունից երեխաների պաշտպանության հարցում:
  3.   Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկան հասակում: Ներկայիս ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, սահմանելով ամուսնության կնքման պայման հանդիսացող տարիքային ցենզը, ամուսնության անվավերությունից զատ այլ հետևանքներ չի նախատեսում նման դեպքերի գրանցման պարագայում, մինչդեռ միջազգային փորձը վկայում է վաղաժամկետ ամուսնությունների քրեականացման նպատակահարմարության մասին:
  4.   Հայ ընտանիքի ավանդականության շահարկումը նույնիսկ դատական նիստում է տեղ գտնում՝ վտանգելով արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը: Մեղադրյալի փաստաբանի՝ իր պաշտպանյալի արարքը կնոջ «չենթարկվելով» և կովկասյան ազգերին «բնորոշ» հատկանիշներով արդարացնելու փորձերը վկայում են իրավաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված, ընտանեկան բռնությանը վերաբերող վերապատրաստումների պակասի, եթե ոչ իսպառ բացակայության մասին: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծըկարգավորում է նաև տվյալ խնդիրը:
  5.    Դատական նիստերին մասնակցող անձանց կողմից բազմիցս մեղադրանքներ են հնչել տուժողի իրավահաջորդի՝ Նարինեի քրոջ հասցեին՝ նրան որակելով «խառնակիչ» և «ընտանիք քանդող», մինչդեռ նա եղել է միակը, ով փորձել է աջակցել բռնության մեջ ապրող կնոջը: Ընտանեկան բռնության ենթարկվող կանանց աջակցման պետական մեխանիզմների բացակայությանը գումարվում է նաև անձնական մակարդակի վրա օգնություն տրամադրող հարազատների, հատկապես՝ կանանց թիրախավորումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մանրամասն կարգավորում է աջակցման պետական մեխանիզմների ստեղծման և իրագործման կարգը՝ պաշտպանություն երաշխավորելով թե՛ բռնության ենթարկվողին և թե՛ նրան աջակցող հարազատներին:
Վերոշարադրվածը գեթ մեկ օրինակ է ամեն տարի տեղի ունեցող ընտանեկան բռնության հազարավոր դեպքերի, որոնցից առնվազն 10-ը անդառնալի ավարտ են ունենում, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերը հնարավոր կլիներ կանխել համապատասխան օրենքի առկայության դեպքում՝ ժամանակին անհրաժեշտ պաշտպանություն ցուցաբերելով ընտանեկան բռնության ենթարկվող անձանց: Ս.թ. նոյեմբերի 2-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի է ունենալու տվյալ գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հրապարակվելու է դատավճիռը: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, առաջնորդվելով անձի կյանքի և առողջության իրավունքների առաջնահերթությամբ, ջատագովել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավումը և նպաստել օրենքի ընդունման գործընթացին, քանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք»  ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ «Ագաթ» ՀԿ

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am