Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում

Գյումրու մերձակայքում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող բարձրադիր բլրի գրեթե կենտրոնում վեր է հառնում մի վեհաշուք եկեղեցի, որը, շրջապատված լինելով Ալեքսանդրապոլ ամրոցի հինավուրց պարիսպներով ու շինություններով, կարծես «թաքնվում է» հետաքրքասեր հայացքներից և միայն քաղաքի որոշ հատվածներից են ընդամենը նշմարվում նրա՝ ճերմակավուն զանգակատունն ու արևի տակ փայլող խաչը։

Շուրջ 200-ամյա ուղղափառ այդ եկեղեցին 19-րդ դարում Գյումրիում կառուցված առաջին քարաշեն քրիստոնեական տաճարն է։

Հեռավոր 1836 թվականին կայսր Նիկոլայ 1-ինի կողմից հաստատվում է Գյումրիում ուղղափառ եկեղեցու կառուցման նախագիծը: Իսկ արդեն 1837թ․-ին կայսրն անձամբ է այցելում Գյումրի ու իր ձեռքով դնում է եկեղեցու առաջին հիմնաքարը:

Գյումրի այցի մասին Նիկոլայ 1-ինը հիշում է․ «Ես դրեցի ուղղափառ տաճարի առաջին քարը, որը պետք է կառուցվի ի պատիվ Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու և Գյումրին վերանվանեցի Ալեքսանդրապոլ»։

Պահպանվել է նաև Նիկոլայ 1-ին կայսեր հրովարտակը եկեղեցու հիմնարկման մասին, որտեղ գրված է․«Քրիստոսի ծննդից հետո՝ 1837թ․ հոկտեմբերի 4-ի օրը, կայսր Նիկոլայ 1-ինը հիմնեց այս տաճարը Սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի անունով»։

Ամենևին էլ պատահական չէր, որ Նիկոլայ 1-ին կայսրն անձամբ է այցելում ռուսական ընդլայնված կայսրության ծայրամասում ծվարած Գյումրի բնակավայրը՝ Ալեքսանդրապոլ ամրոցի կառուցումն իր աչքերով տեսնելու և ուղղափառ տաճարի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար:

19-րդ դարի 30-ական թթ սկզբներին ռուսական կայսրությունում կյանքի էր կոչվում ամրոցների կառուցման այսպես ասած մեգածրագիր: Ռուսական կայսրության սահմաններին՝ ռազմավարական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող հատվածներում ժամանակի ռազմական ինժեներիայի բարձր արհեստավարժությամբ 10 ամրոցներ են կառուցվում:

Դրանցից մեկը Գյումրիում կառուցվող Ալեքսանդրապոլ ամրոցն էր, որը գտնվում էր անմիջապես ռուս-թուրքական սահմանին:

Գյումրու ամրոցն անկյունաքարային նշանակություն ուներ կայսրության հարավ-արևմտյան սահմանների պաշտպանության համար, ինչպես նաև հնարավոր պատերազմի դեպքում դիտարկվում էր որպես պլացդարմ Թուրքիայի վրա հարձակվելու համար:

Բնականաբար, ռազմական նման օբյեկտի կառուցումը կարևորվում էր ցարի մակարդակով։ Իսկ ուղղափառ վեհաշուք տաճարի առկայությունը հենց ամրոցում միայն ընդգծում էր ռազմական այդ կառույցի նշանակությունը:

Տաճարի նախագիծը մշակվել է ինժեներ-գնդապետ Ռուդենկովի կողմից․ նախածի համաձայն՝ այն կարող էր տեղավորել միաժամանակ 800 հավատացյալի: Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ա. Շտաուբերտի տիպային նախագծով:

Սբ Ալեքսանդրա եկեղեցու շինարարությունը վստահվել է հայ քարտաշ-որմնադիր վարպետներին: Վարպետ-շինարարներից հիշատակվում է միայն ուստա Գինոսի անունը, որը եղել է էսնաֆության ուստաբաշի:

Պատահական չէ, որ հենց հայ շինարարներին է պատվիրվել տաճարի կառուցումը՝ նրանց արհեստավարժությունը հայտնի էր տարածաշրջանում հազարամյակներով: Մյուս կողմից շինարարության մեջ այդ տարածաշրջանից արդյունահանվող տուֆի օգտագործման վարպետությանը լավագույնս տիրապետում էին հայ արհեստավորները։

Տաճարի շինարարությունը տևել է 5 տարի: Եկեղեցին օծվել է 1842թ․-ին:

Սբ Ալեքսանդրա տաճարը հիմնականում ծառայել է ռուս ուղղափառ զինվորականությանը: Հազարավոր զինվորներ այս եկեղեցում են օրհնություն ստացել ռազմական գործողություններից առաջ: Պահպանվել են նաև եկեղեցու պատմական լուսանկարները, որոնք արվել են 1870-80-ականներին Գյումրի այցելած լուսանկարիչներ Նիկիտինի ու Երմակովի կողմից:

Հիշատակման է արժանի այն փաստը, որ Սբ Ալեքսանդրա տաճարում է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբապատկերը (4.5х2.5), որի հեղինակն է Կ. Բրյուլովը։ Ինչպես նաև այստեղ է պահվել անհայտ անձի կողմից նվիրաբերված արժեքավոր պաստառ/դրոշ՝ «Արդահանի գրավումը. 1877թ. մայիսի 2» գրառմամբ:

Ցարի կողմից հիմնարկված ուղղափառ եկեղեցուն 20-րդ դարասկզբին ողբերգական ճակատագիր էր սպասվում: Օգտվելով 1917թ․-ին Ռուսական կայսրության անկման փաստից՝ թուրքական բանակը 1918-ի գարնանը ներխուժում է Հարավային Կովկաս, իսկ մայիսի 15-ին թուրքերը գրավում են Գյումրին։

Ալեքսանդրապոլի ամրոց է ներխուժում թուրքական մինչև 160 հոգանոց ջոկատը։ Բերդի կայազորի հիմնական ուժերն այդ ժամանակ գտնվում էին Ալեքսանդրապոլից դուրս։ Բերդում կային զինվորների 2 դասակ, կայազորի սպաների կանայք և երեխաներ, որոնք դուրս են գալիս բերդի պահեստային դարպասներով և թաքնվում Ախուրյան գետի կիրճում։

Տեսնելով եկեղեցին՝ թուրքերը որոշում են պղծել ու թալանել ուղղափառ հավատքի այդ սրբավայրը։

Սակայն գնդի քահանա Մատվեյ Միրոնովին հաջողվում է փակել եկեղեցու պատուհաններն ու ծանր դռների բոլոր փեղկերը։ Տաճարի դռները բացելու թուրքերի փորձերը՝ նույնիսկ փոքր հրետանու կիրառմամբ, անհաջողության են մատնվում: Եկեղեցի ներխուժելու ու թալանելու ձախողված փորձերից գազազած թուրք զինվորները հրկիզում են եկեղեցին։ Այն ամբողջությամբ այրվում է, խիզախ քահանա Մատվեյ Միրոնովը նույնպես ողջ-ողջ հրկիզվում է եկեղեցու ներսում։

1920թ-ին Հայաստանում հաստատվում են սովետական կարգեր, սկսվում են հալածանքներ ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ ևս։ Ուստի այդ տարիներին ավելորդ էր ակնկալել եկեղեցու վերակառուցումը։ Շուրջ 90 տարի եկեղեցին մնում է խոնարհված:

2008 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանավորությամբ սկսվում են եկեղեցու վերականգնողական աշխատանքները, իսկ 2009 թվականի մայիսի 8-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եկեղեցին օծվում է Մարկոս ​​եպս. Եգորևսկու կողմից։ Եկեղեցու վերականգնման ժամանակ վերանորովում է նաև 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմում զոհված գեներալ Ֆ.Ա. Գուբսկոյի հուշակոթողը, որը նախկինում գտնվում էր եկեղեցու բակում:

Այդ օրվանից ի վեր Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին հոգևոր լիարժեք կյանք է վարում՝ անխոնջ ծառայելով իր հավատացյալ հոտին։

Հեղինակ՝ Դերենիկ Մալխասյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Փաստաբանները միջնորդել են կարճել Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ քրգործը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, լավ լսիր․ երկուսը տեսնում ես, տասը չես տեսնում․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Էմանուել Մակրոնը Հայաստանում կորե՞լ է․ Էդգար Ղազարյան (video) Էդգար Ղազարյանի հրատապ լայվը՝ Սահմանադրական դատարանի դիմաց (video) Սկսենք նրանից՝ ո՞վ է թքող Ալեն Սիմոնյանը․ Սոնա Աղեկյան (video) Լսի՛ր, ՀԱՊԿ-ը ստեղծողներից մեկն ենք եղել, էս ի՞նչ ես կործանում․ Արշակ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) «Նեգոդնիներով» ԱԺ-ում հավաքվել՝ հայրենասիրությունից են խոսում․ Արսեն Վարդանյան (video) Ճակատագրական պահ Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Ֆրանսիայի բանակի գեներալը պատռեց Նիկոլի դեմքը․ Հայկ Նահապետյան (video) Զոհեր, սպանություններ, պատերազմ ու մահ. ինչ աղետներ բերեց Փաշինյանը (video) Ո՞նց կարող ենք թույլ տալ, որ Ալենն ու իր նմանները փորձեն ճնշել Անժելա Թովմասյանին․ Գալստյան (video) Տվյալ идиот-ը, երբ հավակնում էր բարձր պաշտոնների, պետք է հաշվի առներ, որ շատ է քննադատվելու. Հայկ Ալումյան (տեսանյութ) Ալե՛ն, դու «թուք ու մրից ծնված ես». մանկավարժ (video) Ովքեր զինում են Հայաստանը՝ պատասխանատվություն են կրելու հետևանքների համար. Ալիև Երևանում բախվել են «Nissan»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. երկուսն էլ «Yandex» ծառայությանն են Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ 1-ի կողմից հիմնարկված եկեղեցում Ինչպես են ՌԴ-ում արձագանքել «Մայր Հայաստանի» Դոնբաս այցին․ մանրամասներ (video) Ալե՛ն, բոլորս էլ գիտենք ում տղեն ես. քաղաքացի (video) ԱԺ խոսնակը մի հարցում ճիշտ է Դոնբաս այցի ժամանակ բարձրաձայնել ենք արցախահայության խնդիրները․ Անդրանիկ Թևանյան (video) 1 մլրդ 823 մլն դրամ է հատկացվել, բայց Կենտրոնում կեղտաջրեր են հոսում Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն Դրիֆտ կատարած երիտասարդներին պարեկները ներկայացրել են ոստիկանության բաժին Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am