Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդաս Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը:
Վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «KamAZ»-ի վարորդը, ով երկրորդական ճանապարհից դուրս է եկել գլխավոր ճանապարհ, չի զիջել և վթարային իրավիճակ է ստեղծել «Lexus»-ի վարորդի համար, ով դեպի Աշտարակ ընթանալիս է եղել գլխավոր ճանապարհով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն դեպքի վայրում բեռնատարի վարորդն ասում էր, որ ինքն արդեն հատել էր գլխավոր ճանապարհի ահագին հատված և վթարային իրավիճակ չէր կարող ստեղծել «Lexus»-ի համար: