Բաքուն դիվկորպուսի մի խումբ ներկայացուցիչների տարել է օկուպացված Դադիվանք՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական կոթող»
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն այցելել են օկուպացված Դադիվանք։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կիսվել է այցի կադրերով ու հայկական եկեղեցին ներկայացրել իբրև «ադրբեջանական մշակութային ժառանգության օրինակ»։
«Խուդավենգի վանքը (Դադիվանքն այդպես են անվանում՝ հայկական անվանումները աղավաղելու քաղաքականությունից ելնելով) Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության կարևոր օրինակներից է։ Ադրբեջանում բոլոր կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում և վերականգնվում են պետության կողմից, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը իր մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում»,-ասել է Հաջիևը։
Հայկական մշակութային կոթողները՝ այդ թվում Շուշիի Ղազանչեչոցն ու Կանաչ ժամն ու այլ մշակութային կոթողներ ոչնչացրած ու աղավաղած Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, թե դեռ հայկական կողմն է վանդալիզմ դրսևորել՝ իբր «ադրբեջանական» Դադիվանքը հայկական տիրապետության ժամանակահատվածում ենթարկվել է վանդալիզմի ու կորցրել իր նախնական տեսքը։
Այսպիսով՝ Բաքուն բացահայտ մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ միջազգային հանրության աչքի առաջ։
Աղբյուր` Փաստինֆո