Օվերչուկի հայտարարության հետքերով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», - այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ես դեռ երեկ կասկածի տակ էի դրել Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որն ազդարարում էր, թե Օվերչուկի հետ Փաշինյանը քննարկել է երկկողմ օրակարգ:
Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել առաջին հերթին կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի ստույգ՝ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով, ընդ որում՝ եթե նկատեցիք, Օվերչուկը այդ համատեքստում հատկապես շեշտում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները:
Այլ խոսքով, գոնե առաջին տպավորությամբ՝ կեղծ են Հայաստանի իշխանության և նրա սատելիտների պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում:
Գոնե Օվերչուկը հակառակն է պնդում՝ թեև արտատարածքային միջանցքի հիշատակում չկա նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
Հայաստանի հասարակությունն իրավունք ունի իշխանություններից պահանջել, որպեսզի, ի վերջո, հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից, որը չկատարելու համար՝ Փաշինյանը որոշել է զոհաբերել Գորիս- Կապան ճանապարհը և Արցախը:
Գոնե այս պահին իրավունք ունենք պնդելու, որ ուզել են այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ կամ, այն, ինչի մասին ասում է Օվերչուկը: Իրավունք ունենք, որովհետև Փաշինյանը և նրա թիմը լռում են ռուսական առաջարկի բովանդակության մասին:
Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության(ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան): Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն: