Թրամփի թիկնազորն իր հետ ռադիոհամակարգեր չի տարել նրա դեմ մահափորձի օրը․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներն իրենց հետ չեն վերցրել նախկին նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի օրը տեղի ոստիկանության կողմից փոխգործակցության նպատակով իրենց հատկացված ռադիոհամակարգերը, ինչի պատճառով կասկածյալին ժամանակին հայտնաբերելու մասին տեղեկատվություն չեն ստացել, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով կոնգրեսական Քլեյ Հիգինսի զեկույցը:
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից մեկ օր առաջ տեղի ոստիկանության տակտիկական խումբը Գաղտնի ծառայության գործընկերների համար ռադիոհամակարգեր է հատկացրել, որպեսզի երկու գերատեսչությունները կարողանան կապ պահպանել հուլիսի 13-ին նախկին նախագահի ելույթի ժամանակ, բայց դրանք այդպես էլ ոչ ոք իրենց հետ չի տարել», - ասվում է նյութում:
Ինքը՝ Հիգինսը, զեկույցում նշել է նաև, որ Բաթլերի շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարն անձամբ հիշեցրել է գաղտնի ծառայության դիպուկահարների թիմին իրենց հետ վերցնել իրենց հատկացված ռադիոհամակարգերը Թրամփի ելույթից մեկ օր առաջ, սակայն դեպքի օրը գաղտնի ծառայության աշխատակիցները կասկածյալի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ նա սկսել է կրակել: