Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ փորձելով նոր հարկային ահաբեկչական միջոցներ ստեղծել բիզնեսի դեմ
Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ-ը) նախաձեռնել է օրինագիծ, ըստ որի՝ այս կառույցն առաջարկում է հրաժարվել քրեական պատասխանատվությունից ազատվելու խրախուսական նորմերից. «Խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարմանը, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման միջոցով քրեական պատասխանատվությունից ազատում ճանաչելու իրավական հիմքերը խոչընդոտում և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը»,-նշում են նախաձեռնության հեղինակները։ Օրինագիծը պորտալում տեղադրվել է օգոստոսի 8-ին, իսկ ներկա դրությամբ փաստաթղթին դեմ է արտահայտվել հարցվածների ճնշող մեծամասնությունը։ Այսինքն, երկրի բիզնես դաշտը միահամուռ մերժում է այս չարաբաստիկ առաջարկությունը:
Այսինքն՝ գործարարները հասկանում են, թե ինչ թակարդի մեջ են ուզում իրենց գցել իշխանությունները:
Ըստ այս օրինագծի՝ գործարարը 3 տարով կկալանավորվի, եթե նրա գործունեության մեջ հայտնաբերվեն 10 միլիոն դրամի (մոտ 25 հազար դոլար) և ավելի խախտումներ։ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը ձեռնարկատերերի համար նախատեսում է խրախուսական միջոցներ և ազատում նրանց քրեական պատասխանատվությունից:
Օրինակ, եթե ՊԵԿ-ի աշխատողը հայտնաբերում է ընկերության գործնեության մեջ 10 մլն. դրամից ավելի խախտում, ապա այդ ընկերության ներկայացուցիչը պիտի կալանավորվի առնվազն 3 տարով, այսինքն մինչ բողոքարկելը գործարարը չի կարող ազատության մեջ մնալ:
Այսօրվա օրենսդրությամբ՝ գործարարը, ով, ասենք, մեղադրվում է ՊԵԿ-ի կողմից նման չարաշահման մեջ, ենթադրենք՝ 15 մլն-ի խախտման համար, կարող է 15 մլն․ գրավ վճարելով շարունակել սեփական բիզնեսը և բողոքարկել այս որոշումը դատարանում:
Հնարավոր է, որ նա պարտվի կամ հաղթի:
Ներկայացված առաջարկությամբ՝ գործարարը հնարավորություն չի ունենալու բողոքարկել այս որոշումը՝ միաժամանակ մնալով անազատության մեջ:
Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե այս չարաբաստիկ առաջարկությունն օրենքի ուժ ստանա
Բերենք մի շարք օրինակներ՝
Առաջին․
Դիցուք գործարարը 12 մլն դրամի խախտում է արել և հայտնվել է ճաղերի հետևում: Նա բողոքարկել է այս որոշումը՝ մնալով ճաղերի հետևում: Նրա բիզնեսը կարող է կործանվել, իսկ վերջում պարզվի, որ դատարանը գործարարին է համարել իրավացի:
Այդ դեպքում ումի՞ց նա պետք է պահանջի իր կործանված բիզնեսի փոխհատուցումը:
Երկրորդ․
Անցյալ տարի ՊԵԿ-ը հայտնաբերել է 900-ից ավելի խախտում, որը գերազանցում է 10 մլն դրամը: Ըստ այս որոշման՝ 2023-ին Հայաստանում ավելի քան 900 գործարար պիտի հայտնվեր ճաղերի հետևում:
Իսկ դա կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանում բոլոր բիզնեսները կարող են փակվել:
Երրորդ․
ՊԵԿ-ի ղեկավարը պնդում է, թե իբր իրենց առաջարկով իրենք ուզում են, որ բոլոր գործարարները հայտնվեն հավասար պայմաններում, որպեսզի խրախուսման հնարավորություն չունենա ոչ ոք:
Սակայն նույն սկզբունքով կարելի է պնդել, որ իշխանությունն ուզում է բոլորին հավասար ձևով պատժել: Ո՞վ ասաց, որ Ստալինի ժամանակ այդ դեպքում արդարություն չի եղել: Այդ տրամաբանությամբ, Ստալինի ժամանակ ամենաարդար համակարգն էր գործում, քանի որ ձերբակալում էին ոչ միայն շարքային քաղաքացուն, այլև Կոմկուսի Քաղբյուրոյի անդամին:
Երրորդ․
Ճիշտ հակառակը, եթե ՊԵԿ-ն ունենա այսպիսի ռեպրեսիվ հնարավորություն, ապա բիզնես դաշտում կարող են ծաղկել բացառապես ՊԵԿ-ի նախագահի ընկերները:
Քանի որ մրցակցային դաշտում բոլոր մրցակիցներին, կարելի կլինի բանտարկելով՝ խաղից դուրս թողնել:
Չորրորդ․
ՊԵԿ-ի նախագահը նշում է, թե աշխարհում ընթանում է այս ոլորտի ոչ թե ազատականացում, այլ՝ խստացում: Ճիշտ է ասում պարոն Բադասյանը: Բայց դա վերաբերվում է զարգացած երկրներին, որտեղ իշխանությունն ունենում է լայն քաղաքական լեգիտիմություն, այլ ոչ թե ձևավորվում է ԽԾԲ-ների միջոցով:
Եթե երկրում ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, բանակը, ՊԵԿ-ը ենթարկվեին օրենքին, այլ ոչ թե երկրի օրվա իշխանության քմահաճույքներին և դա հենց այդպես ընկալվեր հանրության կողմից, ապա այդ դեպքում Բադասյանի առաջարկները կարող էին քննարկման առարկա դառնալ:
Օրինակ, ԱՄՆ-ում անցյալ տարի 3000 գործարարների մոտ հայտնաբերվել են խախտումներ: Հիշեցնենք, որ այդ երկրի բնակչությունը 300 մլն-ից ավելի է: Իսկ փոքրիկ Հայաստանում, որտեղ բնակչությունը 100 անգամ ավելի քիչ է, խախտումների քանակը ԱՄՆ-ից քիչ է ընդամենը երեք անգամ:
Իսկ դա նշանակում է, որ եթե Բադասյանի առաջարկները կյանքի կոչվեն, ապա կա՛մ տարեկան մոտ 900 գործարար պիտի ձերբակալվի, կա՛մ բիզնեսները հերթով պիտի փակվեն:
Կա նաև երրորդ տարբերակը, եթե նրանք բոլորը պայմանավորվեն Բադասյանի կամ Փաշինյանի հետ:
Պարզ է, որ եթե տարեկան 900 բիզնես փակվի կամ այդքան գործարար հայտնվի ճաղերի հետևում, Հայաստանում բիզնես չի մնա:
Այդ դեպքում ինչո՞ւ է Բադասյանն առաջարկում այսպիսի մահաբեր օրինագիծ, կհարցնի մեր շարքային ընթերցողը:
Պարզ է, որ այդ քանակությամբ մարդ կալանավորել հնարավոր չի լինի:
Պարզապես գալիք ընտրություններից առաջ Փաշինյանն ուզում է վախի մթնոլորտ ձևավորել բիզնես դաշտում, որպեսզի նրանք չհամարձակվեն աջակցել ընդդիմությանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ուզում է ընդդիմությանը թողնել առանց օրինական ռեսուրսի, որպեսզի իր մեծ և հսկայական ռեսուրսների միջոցով կրկին կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2025-ին կամ 2026-ին, հերթական ընտրությունների ընթացքում:
Սա՛ է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am