Գանձաքար-Իծաքար ռազմավարական նշանակության ճանապարհի գործարկման ժամկետը հերթական անգամ խախտել են
Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության 35 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին, այդ ժամանակ հայտարարվեց, որ այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացել 4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։
Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել։ Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել է՝ ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարևոր այդ ավտոճանապարհը։
Մարզպետարանից պատասխանել են․ «Գանձաքար- Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։
Լրագրողը գրում է․ «Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ էր սահմանվել 250 օրը, այսինքն՝ 2024թվականին ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր։
Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգման ընթացքին։ Կառավարությունը հայտնել է, որ այդ ճանապարհի հիմնանորոգման, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամրջի կառուցման համար ընդհանուր հատկացվել է 4,2 միլիարդ դրամ, ճանապարհի շահագործման ժամկետ է նշվել 2025թվականը։ Հերթական անգամ խախտեցին կարևոր այդ ճանապարհի շահագործման ժամկետը, ի սկզբանե այն նախատեսվում էր գործարկել 2023-ի սեպտեմբերին, հիմա էլ գործարկման ժամկետ են սահմանել 2025թվականը»։
