Եթե այս ֆիլմից հետո Վերա Նարիմանյանի կյանքը կարգավորվի, ես ինձ կհամարեմ ամենամեծ պատերազմը հաղթած. Կինոռեժիսոր

Արցախում շրջափակման ժամանակ 2 երեխաներին կորցրած կնոջը՝ Վերա Նարիմանյանին, թույլ չեն տալիս ապրել իր 8-ամյա աղջկա՝ Զիտայի հետ։

Հիշեցնենք, որ արցախյան շրջափակման 7-րդ ամսում մահացան Վերա Նարիմանյանի 2 մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Լեոն ու 6-ամյա Գիտան։

Բանն այն է, որ երեխաների մայրը՝ Վերան, ոտքով գնացել էր կողքի քաղաք՝ ձեթ և շաքարավազ փնտրելու, քանի որ իրենց քաղաքի ոչ մի խանութում չկային այդ ապրանքները։

Նշենք, որ կնոջ երեխաներից երրորդը՝ Զիտան, այժմ գտնվում է Կապանի մանկատանը և Վերա Նարիմանյանին թույլ չեն տալիս, որ իր երեխան տեղափոխվի իր հետ ապրելու։

Ի դեպ՝ նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է հենց Վերա Նարիմանյանի հետ, և վերջինս լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ այցելել է Կապան՝ աղջկան տեսնելու.

«Կարուսել էր ուզել, սրճարան էր ուզել, չթողեցին. իրավունք չկա, ասում ա, որ ստեղ էրեխուն հանեք դուրս»։

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը բազմիցս է ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ Վերա Նարիմանյանի մասին պատմող ֆիլմ է նկարահանում՝ «Վերա» անվանմամբ, քանի որ կնոջ կերպարը տպավորված է իր մեջ։

ArmLur.am-ը կապ է հաստատել կինոռեժիսորի հետ՝ պարզելու՝ կօգնի՞ Վերա Նարիմանյանին ինչ-որ կերպ իր ֆիլմը, որն այժմ նկարահանվում է։

ArmLur.am-ի հարցին՝ կինոռեժիսորը պատասխանեց․

«Վերա Նարիմանյանի երկու լուսավոր երեխաների ողբերգական մահվան պատմությունը մեր ֆիլմի առանցքում է, բայց մեր պատմությունը տոտալ մեկուսացման մեջ 206 օր ապրող փոքրիկ բնակավայրի մարդկանց մասին է։ Ֆիլմում, Վերայից բացի, կան մեկ տասնյակի հասնող չափազանց կարևոր կերպարներ՝ քաղաքի ոստիկանապետը՝ Երևանում բնակվող իր կնոջ հետ, վաշտի հրամանատարը, հրշեջների խմբի ղեկավարը, սերժանտ Սարգսյանը, քահանան, պահեստապետը․․․ բազմաթիվ մարդիկ, որոնց ճակատագրերը խեղված են անմարդկային պայմանների պատճառով և որոնցից յուրաքանչյուրն ապրում է իր անձնական խորքային դրաման։

Սա ֆիլմ է հումանիտար ճգնաժամի մասին։ Եվ այն Վերան, որին մենք հիմա դերասանուհի Հասմիկ Հարությունյանի հետ կառուցում ենք, ամենևին Վերա Նարիմանյանի բիոլոգիական կրկնօրինակը չէ։ Մենք նկարում ենք գեղարվեստական ֆիլմ ու մեր խնդիրն է կինեմատոգրաֆիական պատումի ողջ ուժով ներկայացնել Արցախի ողբերգության ծավալները»։

Կինոռեժիսորը նկատում է, որ հայկական կինոն վերջին երեսուն տարում անասելի անկում է ապրել, և հայ կինոն հեռացել է հայ հասարակությունից, հայ մարդը և հայ կինոն իրարից անջատ են։

«Ու սա է պատճառը, որ մարդկանց մոտ ձևավորվել են թյուր ակնկալիքներ, սխալ պատկերացումներ կինոյի մասին։ Ես ռեժիսոր եմ, ու իմ խնդիրը կինոյի լեզվով իրականությունը վերարտադրելն է։ Վերա Նարիմանյանի կյանքը, երեխաներին կորցնելուց հետո, ՀՀ իշխանությունների ամոթն է, որովհետև Վերան, նման սոսկալի ողբերգության միջով անցնելուց հետո, պիտի արժանանար հատուկ ուշադրության։ Ինձ համար տարօրինակ է, որ հայ նախկին ու ներկա իշխանավորները բարձրաձայն, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրում են այլոց՝ երկու երեխաներ մահվան մեջ, ինչն իրոք այդպես է, բայց բառացիորեն ոչինչ չեն անում, որ այս պահին մեր կողքին ապրող երեխաների ավագ քույրը և նրա մայրը ապահովության տարրական զգացում ունենան, որպեսզի կարողանան ազատվել իրենց անընդհատ հետապնդող ողբերգության ծանր կնիքից։ Կինոն հզորագույն զենք է, իսկ մեկ մարդու կյանքը փրկելը՝ չափազանց կարևոր գործ, բայց մենք պետք է հասկանանք՝ ով ինչ պետք է անի և ումից ինչ ակնկալել»,- ասաց կինոռեժիսորը։

Գալստյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա ֆիլմը Վերային, ինչին ի պատասխան կինոռեժիսորն ասաց․

«Այստեղ մեծ պարադոքս կա։ Մի կողմից, Վերայի կերպարի վրա աշխատելիս, ես միշտ ասում եմ Վերայի դերակատարուհուն, Հասմիկին՝ «կտրվի՛ր Վերայից»։

Կինոյում ամեն ինչ ավելի իրական է, քան կյանքում։ Ինչպես ասում է Դոստոևսկին՝ «Ճշմարտությունը երբեք ճշմարտանման չի լինում», և մարդիկ, ովքեր գիտեն Վերային ու ակնկալում են տեսնել իրենց ճանաչած Վերային, հիասթափություն են ապրելու այդ մասով, հենց ֆիլմի սկզբից։ Նրանք մոռանալու են իրենց ճանաչած Վերայի մասին և հասկանալու են, որ հայտնվել են այլ իրականության մեջ։ Բայց մյուս կողմից, ֆիլմի վրա աշխատելու ամենասկզբից իմ գլխից դուրս չի գալիս մի սևեռուն միտք՝ «եթե այս ֆիլմից հետո միայն մի կյանք՝ Վերա Նարիմանյանի կյանքը կարգավորվի, ես ինձ կհամարեմ աշխարհի ամենամեծ պատերազմը հաղթած մարդը»։

Գալստյանը եզրափակելով խոսքը նաև ասաց, որ ֆիլմով 1 հարց են բարձրաձայնում, այն է՝ 2023 թվականին 120․000 մարդ, դաժան պատերազմից ու ավելի քան ինն ամիս հյուծիչ շրջափակման պայմանները տանելուց հետո, անկարող լինելով դիմակայել բռնի տեղահանմանը, աշխարհաքաղաքական նենգ ինտրիգների պատճառով լքել է իր պատմական հայրենիքը՝ հազարավոր տարիներ այդ հողին կապված ապրելուց հետո։

«Սա ոչ միայն մեծագույն ողբերգություն է, այլ անարդարություն, որը պետք է շտկվի։ Ահա սա ենք մենք ասում ֆիլմով։ Երեխային մորը տալու խնդիրը շատ կարևոր հարց է, բայց դա պարտավոր են լուծել ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությունը և երեխաների ու մայրերի իրավունքներով զբաղվող ՀԿ-ները ։ Եթե չեն կարողանում լուծել՝ ամոթ իրենց»,-ասաց կինոռեժիսորը։

Աննա Սրապիոնյան

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am