Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»․ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Մեր քաղաքացիների մի մասը մի օր պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը»։

Թուրքիան սկսում է ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դաշնակից է դառնում միանգամից երկու հակադիր բլոկների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի համար։

Սակայն, այդ համագործակցությունը զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական նոր մրցակցության հետ, քանի որ ինքնավստահ դարձած Թուրքիան մարտահրավեր է նետում Ռուսաստանին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հարավային Կովկասում Ադրբեջանին օգտագործելով որպես դարպաս՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Այսպիսով, անդրկասպյան աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է թյուրքական բլոկի հովանու ներքո՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և մշակույթը։

Մերձկասպյան տարածաշրջանում Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության սկիզբը կարելի է համարել 2020թ. 44 պատերազմը և դրանում Անկարայի ունեցած խոշոր ներդրումը: Արդյունքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս հաջողությունից ոգևորված՝ Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին ամրապնդել իրենց ռազմավարական դաշինքը 2021թ. Շուշիի հռչակագրով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ համաձայնագիրը, որը ներառում է փոխադարձ ռազմապաշտպանական պարտավորություններ, Ադրբեջանի համար, որպես անվտանգության երաշխիք, ապահովում է Մոսկվային իրական այլընտրանք։ Ոգևորված Ադրբեջանն, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության թեժացումից, 2023թ. սեպտեմբերին, ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Արցախը և ավելի իրատեսական դարձրեց թյուրքալեզու երկրների լայն գերակայությունը ողջ մերձկասպյան տարածաշրջանում:

Թուրքիայի ինքնավստահ քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր հորիզոններ բացեց նաև Կասպից ծովի արևելյան կողմում։ Այն ցույց տվեց Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, որ Անկարայի հետ համագործակցությունը կարող է իրական օգուտներ բերել: Ղազախստանն ու Ուզբեկստանը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունները բարձրացրեցին բազմակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակի` կնքելով համաձայնագրեր ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զորքերի պատրաստումը, համատեղ զորավարժությունները և հետախուզական տվյալների հավաքագրումը: Թուրքական ռազմական արդյունաբերությունը արագորեն գերիշխող դիրք է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի անօդաչու թռչող սարքերի աճող շուկայում։

«Միջին միջանցք»

Կոմունիկացիաների պայքարում թյուրքական համագործակցությունը այսօր օգնում է նաև ակտիվացնել անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որն ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք» (այն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ), որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «Միջին միջանցքն» արտացոլում է Չինաստանի և Եվրոպայի միջև միջմայրցամաքային առևտրի իրենց տեսլականը՝ կապելով նրանց ԵՄ-ի Global Gateway, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծերի հետ: Չինաստանը ծրագրում է նաև լրացուցիչ հարավ-կենտրոնական ասիական երթուղի կառուցել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման միջոցով, որը, հավանաբար, կապված կլինի «Միջին միջանցքին»։

Անկարայի տեսանկյունից այն նշանակում է «անխոչընդոտ» առևտրային ուղի Ստամբուլից դեպի Կենտրոնական Ասիա: Հարավային Կովկասի գլխավոր տրանսպորտային միջանցքը առայժմ շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Թուրքիայի, այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ։ Այս երթուղու թողունակությունը բավարար չէ անդրկասպյան առևտրի աճող հոսքերը սպասարկելու համար։ Այս համատեքստում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական երկրները պարտավորվել են համատեղ առաջ մղել վիճելի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում, թեև Իրանը, որպես այլընտրանք, առաջարկել է իր տարածքով անցնող Արասի երթուղին:

Արևմտյան աշխարհում Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղիների աճող պահանջարկի ֆոնին տեղի ունեցան անդրկասպյան իրադարձությունների մի ամբողջ շարք՝ «Միջին միջանցք» նախագծի դերը բարձրացնելու նպատակով։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան համաձայնեցրել են երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027թ։ Նրանք նպատակ ունեն դրա հզորությունը հասցնել մինչև 10 մլն տոննա բեռի՝ ներկայիս մոտ 2 մլն տոննայի փոխարեն։ Որպեսզի դա տեղի ունենա, «Միջին միջանցքի» շղթայում գտնվող պետությունները պետք է լուծեն մի շարք հարցեր, ինչպիսիք են տարանցման և առևտրի ընթացակարգերը, սահմանային անցումների և ծովային նավահանգիստների խցանումները, ինչպես նաև բեռնարկղերի և բեռնափոխադրումների անբավարար հզորությունը մեծ ծավալներով բեռնաթափելու համար: Այս նպատակով 2024թ. հունվարին ԵՄ-ն հայտարարեց, որ եվրոպական և միջազգային ներդրողները պարտավորվում են 10 միլիարդ եվրո ներդնել «Միջին միջանցքի» զարգացման ծրագրում։

Առևտրային տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները հատկապես խնդրահարույց են Ղազախստանի տնտեսության համար: Դեպի արևմտյան շուկաներ ղազախական նավթի արտահանման մոտ 80%-ն անցնում էր ՌԴ տարածքով: 2022թ. Ռուսաստանն ընդհատեց այդ հոսքը, որից հետո Ղազախստանը ստիպված եղավ դեպի Եվրոպա տարանցման շուրջ համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ։ Բնական գազի հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենստանը ևս ակտիվացրել է բանակցություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրահանձնաժողովի հետ՝ երկար ժամանակ առաջարկված դեպի Եվրոպա Անդրկասպյան գազատարի շուրջ: Սա մի նախագիծ է, որն, ըստ մասնագետների, կպահանջի հսկայական ներդրումներ: Կենտրոնական Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների համար Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է գազի և նավթի կարևոր հանգույց, ինչպես նաև առանցքային մուտք դեպի արևմտյան էներգետիկ շուկաներ:

Թյուրքական աշխարհի միասնությունը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ընդունել են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» հավակնոտ ծրագիրը։ Նպատակն է կազմակերպությունը դարձնել ԵՄ-ի թյուրքալեզու համարժեքը՝ երաշխավորելով ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։ Թուրքական ներդրումային բանկն առայժմ գտնվում է սաղմնային փուլում, իսկ մշտապես չեզոք Թուրքմենստանը, որը սովորաբար խուսափում է բազմակողմ կառույցներից, միացել է ԹՊԿ-ին՝ որպես դիտորդ: ԹՊԿ-ն նախատեսում է բազմաթիվ նախագծերի մշակում, որոնք ուղղված են թյուրքական համերաշխությանն ու միասնությանը: Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը TURKSOY-ն իրականացնում է համատեղ մշակութային և գիտական նախաձեռնություններ թյուրքական բլոկի մաս կազմող պետություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ առաջարկել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն։

Փափուկ ուժի այս նախագիծը փաստացի ստացվում է, որ հետխորհրդային թյուրքալեզու տարածքում «Ռուսական աշխարհ» գաղափարի մրցակիցն է: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի են ունենում սոցիալական և ժողովրդագրական փոփոխություններ, որոնք ազդում են դրանցում բնակեցված ժողովուրդների ինքնության ձևավորման վրա։ Կենտրոնական Ասիայի բնակչության ավելի քան 70%-ը մինչև քառասուն տարեկան է։ Ռուսական մշակույթը կորցնում է իր երբեմնի գերիշխող դերը տարածաշրջանում, քանի որ առաջին պլան է գալիս հետխորհրդային մի սերունդ, որը չունի ԽՍՀՄ-ում կյանքի հիշողություն:

Ի՞նչ է նշանակում Թուրքիայի աճող դերակատարումը լիբերալիստական Արևմուտքի համար

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անկանխատեսելի հետևանքները Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին այլ ելք չեն թողնում, քան փորձել դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքական կապերը և այլընտրանքային ուղիներ փնտրել միջազգային շուկաներ դուրս գալու համար: Թուրքիան զգայուն է այլընտրանքային գործընկերությունների աճող պահանջարկի նկատմամբ։ Ընդլայնելով իր դիրքերը պաշտպանության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, որոնք միշտ եղել են Մոսկվայի ազդեցության առանցքը, Թուրքիան Կասպից ծովի տարբեր կողմերում հակակշիռ է դառնում Ռուսաստանին։

Լիբերալիստական Արևմուտքի համար Թուրքիան առանցքային դաշնակից է, որը պետք է լինի նրանց կողքին: Արևմուտքի համար թյուրքական աշխարհի կարևորությունը մեծանում է նրանով, որ այն կարող է խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ձևավորված և հեռանկարում ընդլայնման պոտենցիալ ունեցող սերտ համագործակցությանը: Եթե Արևմուտքը վերոնշյալ եռյակի աճող ազդեցությանը չհակազդի, ապա այն կարող է ընդլայնվել արևելքում՝ Խաղաղ օվկիանոսից մինչև արևմուտքում գտնվող Միջերկրական ծով՝ ձևավորելով նոր աշխարհակարգի ազդեցիկ բևեռը:

Աշխարհաքաղաքական մրցակցության ներկա դարաշրջանում Թուրքիային, որը կայացած տարածաշրջանային տերություն է, կարելի է բնութագրել որպես «ճոճվող պետություն»: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն գաղափարապես չի հարում ոչ Արևմուտքին, ոչ էլ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակին: Ինչպես շատ այլ տարածաշրջանային և միջին տերություններ, Անկարան ակտիվորեն պաշտպանում է իր խաղադրույքները՝ պահպանելով տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական կապեր երկու բևեռների միջև:

Սակայն Թուրքիան ունի իր օրակարգը, որը չի ենթադրում ենթակայություն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Հետևաբար, Արևմուտքի շահերից է բխում օգնել Թուրքիայի ծրագրերին՝ թյուրական պետությունների միավորմամբ դառնալ հակակշիռ Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքին։ Նման քաղաքականության անբաժանելի մասը պետք է լինի թյուրքական աշխարհի աճող միավորմանն աջակցությունն ու զարգացումը և Կասպից ծովի արևելքում և արևմուտքում տեղակայված պետությունների ավելի սերտ համագործակցությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ: Այդ նպատակով արևմտյան տերությունները մեծացնում են աջակցությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Այս համառոտ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ճիշտ են Հայաստանում տարածված այն համոզմունքները, որ Փաշինյանի և իր շրջապատի համար իշխանության զավթումն ու այն ամեն գնով պահպանելը խոշոր ուժերի համար ի սկզբանե եղել է հեռանկարային: Այն պետք է ամեն գնով հանձներ Արցախն Ադրբեջանին, ամեն գնով պետք է «խաղաղություն» կառուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն գնով կտրի Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը՝ բացելով Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, ամեն գնով խզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այլն:

Այս ամենից դժվար չէ կռահել, թե արդյունքում որ պետություններն են հայտնվելու շահեկան վիճակում, և որ պետությունն է կանգնել գոյաբանական վտանգի առջև, որից միակ ելքը կարող է լինել ՀՀ-ում իշխանության փոփոխությունը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացիորեն ասել է, որ 2018թ. ինքն իշխանությունը չի հանձնել Նիկոլին, այլ պարտվել է խոշոր ուժերի (խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտների):

Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»:

դիտվել է 423 անգամ
Լրահոս
րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am