Ավտոմեքենան ընկել է Ստալինյան ջրանցքը. 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը։
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված գյուղում՝ «Ստալինյան ջրանցքում», պարեկները հայտնաբերել են «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա և տեղում պարզել են, որ 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Մարտին Հ․-ին։
