Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք

«Փաստ» թերթը գրում է. «Բեռլինում հեծանիվ քշելուց հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնել է մշուշոտ Ալբիոն, կոնկրետ՝ Լոնդոն: Ըստ պաշտոնական վարկածի, արձակուրդում գտնվող բազմաչարչարված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առժամանակ ընդհատել է վաստակած ամառային հանգիստն ու որոշել է մի քանի օր… անհանգստանալ: Այն է՝ աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթաժողովին: Հարկավ, ծանր «աշխատանք» է վարչապետ լինելը, հատկապես՝ Փաշինյանի պարագայում: Իրենց իսկ կողմից տարածված կարճ տեսանյութերից ու լուսանկարներից կարելի էր պատկերացում կազմել, թե, հիրավի, որքան ծանր, ինչպիսի տիտանական ջանքեր պահանջող գործ է վարչապետ լինելը, մանավանդ Լոնդոնի փողոցներում:

Չար լեզուները ասում ու նաև գրում են, թե Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մի մասը էլի Միացյալ Թագավորությունում է անցկացնելու, մասնավորապես Շոտլանդիայում:

Իսկ մինչ այդ, ակնկալվում էր, որ Լոնդոնում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում:

Այո, Փաշինյանի սիրելի, «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը ևս Լոնդոն է մեկնել՝ արդեն հիշատակված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու պատրվակով: Հընթացս նկատենք, որ ցեղասպանական ոճրագործ Ալիևը և խաղաղ, անզեն ցուցարարների վրա ոստիկանների միջոցով նռնակներ նետող Նիկոլ Փաշինյանը հենց այն լիդերներն են, առանց որոնց «Եվրոպական քաղաքական համայնքը» դժգույն ու դժբախտ տեսք կունենար: Ինչևէ:

Հիմնվելով պաշտոնական լրատվության վրա՝ կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Չեխիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի վարչապետների, Շվեյցարիայի, Լիտվայի, Կոսովոյի նախագահների, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի հետ: Եթե ավելի հակիրճ ներկայացնելու լինեինք, կնշեինք, որ Փաշինյանը Լոնդոնում աջուձախ ու անխնա հանդիպել է բոլորի հետ, ով թեկուզ մի քանի րոպեով հայտնվել է հասանելի տեսադաշտում: Բայց միայն Ալիևի հետ չի հանդիպել: Մեծ հաշվով, արձակուրդային պայմաններում «աշխատանքային այց» անելու թերևս միակ հիմնավոր պատճառը հենց այդ հանդիպումը պետք է որ լիներ: Սակայն այն պահին, երբ շատերը սպասում էին Ալիև-Փաշինյան հանդիպման մասին տեղեկությանը, նախ՝ շրջանառվեց ադրբեջանական կողմի մեղադրական հայտարարությունը, թե՝ «հայկական կողմը մերժել է երկխոսությունը», ապա Հայաստանի ԱԳՆ-ն էլ հակադարձեց, թե՝ «ադրբեջանական կողմն է մերժել հանդիպելու վերաբերյալ հայկական առաջարկը»:

Մեր խնդիրը չէ՝ պարզել, թե որն է ստում, կամ որն է ավելի շատ ստում: Պարզ է, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել, այլապես այդ հանդիպումը տեղի կունենար: Մյուս կողմից՝ երբ Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ, առավել ևս՝ եվրոպական որևէ մայրաքաղաքում կամ երկրում, ապա դրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Պրահան, Բրյուսելն ու մի քիչ էլ՝ Գրանադան դրա վկայությունն են: Գրանադան նշում ենք «մի քիչ», քանի որ Ալիևը, հիշում եք, այնտեղ չէր մեկնել, բայց Փաշինյանն առանց դրա էլ հերթական զիջողական ու պարտվողական, նվաստացուցիչ հայտարարություններն արեց:

Մյուս կողմից՝ մանավանդ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց «ցավոտ զիջումների» մասին, որոնց պիտի գնա Հայաստանը, երևի պետք էր սպասել, որ Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կհայտարարի հերթական «ծանր որոշման» մասին, իր գործն արած վարպետի հպարտությամբ կմեկնի Շոտլանդիայով հիանալու և պարկապզուկի զգլխիչ ելևէջները վայելելու: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպումը ձախողվեց, ավելի ճիշտ՝ տեղի չունեցավ:

Ըստ որում, դրանից նույնպես չարժե շատ հեռուն գնացող մեկնաբանություններ կամ ենթադրություններ անել կամ «լավ բան» տեսնել դրա մեջ: Հայտնի է, որ Ալիևը պահանջում է «հեչ անել» Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանը համաձայն է նրա հետ, բայց փորձում է այնպես ցույց տալ իրեն որպես կուռք պաշտողներին, թե դա ոչ թե Ալիևի թելադրանքով է անում, այլ «ժողովրդական մասսաների պահանջով»: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի ակնարկած «ցավոտ զիջումները», որոնք ակնհայտորեն պարտադրվում են բացառապես ու միմիայն Հայաստանին, ինչպես էլ որ փաթեթավորվեն, նպատակը ակնհայտ է՝ Հայաստանի բացարձակ իզգոյացում, շարունակական զիջումներ և հավանական ավելի ծանր հետևանքներ:

Հետաքրքրական է և այն, որ Հայաստանի Տավուշի մարզի, մասնավորապես Նոյեմբերյանի տարածքի հայկական հողերը սահմանազատման անվան տակ այդպես «ջան-ջիգյար» տարբերակով թշնամուն նվիրելուց կամ միակողմանիորեն զիջելուց հետո, պարզվում է, Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ադրբեջանական կողմի հետ համաձայնության հանգել այդ սահմանազատիչ (ոչ բարով) հանձնաժողովի կանոնակարգերի վերաբերյալ: Այնպես որ, մեծ հաշվով կարևոր չէ՝ Նիկոլ Փաշինյանի այս «աշխատանքային այցը» Լոնդոն ինչ էր ըստ էության՝ աշխատա՞նք, թե՞ արձակուրդային վոյաժ (շրջագայություն): Կարևորն այն է, որ այն գործնականում Հայաստանի համար նոր կորուստների ու աղետների որոշակի նախերգանք չդառնա»:

 

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am