Արամ Հովհաննիսյանը հրաժարվե՞լ է տարեկան աշխատավարձից, թե՞ մոռացել հայտարարագրել այն
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը 2023 թ-ի ընթացքում Հրաչյա Հովհաննիսյանից նվիրատվություն է ստացել Արտաշատ համայնքում գտնվող անշարժ գույք։ Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատի համայնքապետի խորհրդականն է, ամենայն հավանականությամբ՝ Արամ Հովհաննիսյանի որդին։
2023 թ-ի տարեկան հայտարարագրում տարեսկզբին Արամ Հովհաննսյանը հայտարարագրել է նաև Արարատի Լանջազատ համայնքում տարբեր տարիներին գնած և նվիրատվություն ստացած 3 այգետնակ, Արտաշատում գտնվող և 2011-ին ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը, հասարակական նշանակության շինությունը և բազմամյա տնկիները, որ ժառանգություն է ստացել 2016-ին։
Հատկանշական է, որ տարեվերջին նա չի հայտարարագրել ոչ Լանջազատի ամառանոցները, ոչ էլ Արտաշատում նվիրատվություն ստացած անշարժ գույքը։ Դրանց վաճառքի կամ վաճառքից ստացված եկամուտի մասին տեղեկատվություն հայտարարագրում նույնպես չկա։
Հայտարարագրել է տարեվերջին բանկային հաշվին եղած ավելի քան 17մլն 575 դրամը և 25 մլն դրամ կանխիկ գումարը։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վերցրած վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 42,5 մլն դրամ
Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակվել է 2023 թ. հունվարի 9-ի որոշմամբ, սակայն ՆԳՆ-ում աշխատանքի դիմաց ստացած վարձատրության մասին տեղեկատվությունը բացակայում է հայտարարագրում։ Փոխարենը նա միայն հայտարարագրել է «Արդինբանկ»-ից ստացած 4 մլն 603 հազար դրամ փոխատությունների դիմաց տոկոսը։
«Փաստինֆոն» ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե Հովհաննիսյանը հրաժարվե՞լ է տարեկան աշխատավարձից, թե պարզապես վրիպակ է տեղի ունեցել հայտարարագիրը լրացնելիս։
Սարգսյանն ասաց, որ Հովհաննիսյանն այս պահին արձակուրդում է, ուստի առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։