Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի

Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր նախագահ ունի․ հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլով առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ հավաքելով ձայների մոտ 53,6%-ը։

Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների և տարածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին Tert.am-ը զրուցել է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ:

- Պարո՛ն Հոսեյնի, նախ խոսենք այն մասին, թե ի՞նչ փոփոխություններ կարող է բերել Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ռեֆորմիստ նախագահի ընտրությունը:

- Գլոբալ առումով Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի, որովհետև Իրանն ունի երկարաժամկետ արտաքին ու ներքին քաղաքականության ռազմավարություն, և բոլոր կառավարությունները գործում են այդ շրջանակներում: Չնայած դրան՝ կառավարությունները մեծ դեր ունեն Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության բարելավման և հիմնական ռազմավարության արդյունավետ իրականացման առումով: Ռեֆորմիստներն Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության բարեփոխման կողմնակից են: Ներքին քաղաքականության մեջ կողմ են քաղաքացիական ազատությունների բարելավմանը, իսկ արտաքին քաղաքականության մեջ հակված են, որ Իրանը լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ, այդ թվում՝ Արևմուտքի: Հենց դրանով են նրանք տարբերվում պահպանողականներից, որոնք առհասարակ չեն վստահում Արևմուտքին ու արտաքին քաղաքականության հիմնական վեկտորն ուղղում են դեպի արևելյան երկրներ: Ռեֆորմիստների կառավարությունը, հավանաբար, կփորձի բարելավել Իրան- Արևմուտք հարաբերություններն ու երկխոսություն սկսել ԵՄ երկրների հետ: Այդ հարցում, իհարկե, պետք է նախևառաջ հասկանալ, թե Արևմուտքը որքանո՞վ է պատրաստակամ այդ երկխոսությունը սկսել:

- Նախընտրական քարոզարշավի ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական ի՞նչ հիմնական ուղերձներ է հղել Մասուդ Փեզեշքիանը, ի՞նչ կարծիք նա ունի, օրինակ, Իրան-ԱՄՆ, Իրան- Ռուսաստան, Իրան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

- Մասուդ Փեզեշքիանն իր նախընտրական քարոզչության ընթացքում խոսել է ներքին ու արտաքին բարեփոխումների մասին, ասել է, որ պետք է բարելավվեն ու ընդլայնվեն Իրանի ժողովրդի ազատությունները: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր նախագահը խոսել է Իրան- Արևմուտք երկխոսության, միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցությունների մասին, ասել, որ այդ հարցը պետք է նորից դնել օրակարգում, կարևորել պատժամիջոցների շրջանցումը: Նա կձգտի նորմալ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: Պետք է ընդգծել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մի փոքր բարդ են՝ հաշվի առնելով, որ Իրանը մի քանի տարի առաջ կնքեց միջուկային պայմանագիրը, կատարեց իր բոլոր պարտականությունները, մինչդեռ ԱՄՆ-ն չկատարեց դրանք, իսկ արդեն Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ դուրս եկավ համաձայնագրից ու միակողմանիորեն չեղյալ հայտարարեց պայմանագիրը: Դա է պատճառը, որ ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի մոտ խորը անվստահություն կա: Եթե ԱՄՆ-ում նորից ընտրվի Թրամփը, բարդ կլինի ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, ու դա է նաև պատճառը, որ Իրանն ու ԱՄՆ-ն շատ հեռու են հարաբերությունների բարելավման սցենարից: Ինչ վերաբերում է Իրան- ՌԴ հարաբերություններին, կարծում եմ՝ դրանք կընթանան նույն ռիթմով, որովհետև այդ հարաբերությունները երկարաժամկետ ու ռազմավարական են: Փեզեշքիանը կփորձի բարելավել նաև Իրան-Թուրքիա հարաբերությունները, բայց այդ բարելավումը մակերեսային կլինի: Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս, Կովկասից մինչև Միջին Ասիա Իրանը և Թուրքիան ունեն բարեկամ երկրներ, որոնց միջև կա շահերի բախում ու հակամարտություն, Իրանը և Թուրքիան ամեն կողմից փորձում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ երկու երկրների միջև արդեն իսկ կան խորը հակասություններ:

- Մասուդ Փեզեշքիանի անձի նկատմամբ հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունը պատահական չէ, նրա ծագման մասին ևս կան քննարկումներ, փորձագետներն ասում են, որ նրա կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները: Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը և ինչպե՞ս կարող է սա ազդել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը, ինչպես նախորդ նախագահ Էբրահիմ Ռաիսին էր նշում, կարմիր գիծ է Իրանի համար:

- «Զանգեզուրի միջանցք»-ն ու Հայաստանի սահմանները կարմիր գիծ էին ոչ միայն Էբրահիմ Ռաիսիի կառավարության, այլև Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության համար, որոնք բազմիցս հայտարարել են, որ այդ հարցն Իրանի համար անփոփոխ սկզբունք է, երբեք չի փոխվելու, որովհետև դա վերաբերում է Իրանի շահերին ու անվտանգությանը, ուստի ցանկացած կառավարություն և նախագահ պետք է պահպանեն այդ կարմիր գծերը: Վերջերս՝ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության ժամանակ, երբ ՀՀ վարչապետն այցելել էր Իրան, գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծեց, որ Իրանի նահատակված նախագահի համար ՀՀ սահմանների հարցը շատ զգայուն թեմա էր, ու այդ սկզբունքները պետք է պահպանվեն։ Դա ցույց տվեց, որ այդ հարցն անփոփոխ է Իրանի համար: Պանթյուքիստական տարրերը, այնուամենայնիվ, հնարավոր է փորձեն մուտք գործել Իրանի պետական կառույցներ, իրենց ազդեցություններն ունենան այդ կառույցներում, բայց ամեն դեպքում պետք է նշել, որ պանթյուրքիմզն Իրանում տեղ չունի, ու եթե նման դրսևորում լինի, դրան կընդդիմանա ոչ միայն պետական համակարգը, այլև ամբողջ ժողովուրդը, որը թույլ չի տա այդ տարրերին խաղալ Իրանի անվտանգության հետ:

- Պարո՛ն Հոսեյնի, փաստորեն գտնում եք, որ Իրանի կողմից տարածաշրջանային քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ պետք չէ սպասել:

- Այո՛, Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում չի փոխվելու, որովհետև Իրանը երկարաժամկետ ծրագրեր ու ռազմավարություն ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդում են Իրանի դիրքերն ու ուղիղ կապված են Իրանի անվտանգության հետ, հետևաբար փոփոխության ենթակա չեն:

դիտվել է 229 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am