Փարիզի Պոմպիդու կենտրոնը փակ է անձնակազմի գործադուլի պատճառով
Փարիզի Պոմպիդու մշակույթի և արվեստի կենտրոնը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով, ովքեր պահանջում են իրենց հատկացնել բոնուսներ Օլիմպիական խաղերի հետ կապված միջոցառումների ժամանակ աշխատելու համար, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Հասարակական տեղաշարժերի պատճառով Պոմպիդու կենտրոնը և գրադարանը փակ են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գործադուլի նախաձեռնությունը պատկանում է «Աշխատավորների ուժ» արհմիությանը։ Աշխատակիցները կարծում են, որ Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված իրադարձությունները կհանգեցնեն լրացուցիչ ծանրաբեռնվածության։
«Օլիմպիական ջահը հրապարակով կանցնի հուլիսի 14-ին, և մենք այն հաստատություններից ենք, որոնք չեն փակվի Օլիմպիական խաղերի ժամանակ, ուստի կարող է մարդկանց հոսք լինել», - ասել է արհմիության ներկայացուցիչ Ֆիլիպ Մահուն: