«Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար». ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Հադրութում

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Մեր ծանոթությունը դպրոցական տարիներից է սկսվել: Երկուսս էլ գյումրեցի ենք: Ամուսնուս մորաքրոջ աղջիկը իմ դասարանից էր: Այդ տարիներին ընկերություն կամ, ինչպես ասում են, իրար հավանել չի եղել: Շփման մեջ նա իմ ընկերուհու եղբայրն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արփինեն՝ Մկրտիչի կինը:

2004 թ.-ին Մկրտիչը գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ-ի Երկրաբանության բաժինը։ «Նա Երևանում էր, ես Գյումրիում էի սովորում: Այդ ընթացքում այդքան էլ շփում չկար: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, ծառայում էր Հատուկ նշանակության զորքերում»: Ծառայության ընթացքում Մկրտիչ Վարդանյանը նշանակվել է ջոկի հրամանատար, աչքի ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ » և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով, զորացրվել է սերժանտի կոչումով և սակրավորի մասնագիտությամբ։ «Զորացրվելուց հետո հանդիպեցինք, զրուցեցինք, հանդիպումները շարունակվեցին, շփումը հաճելի էր: Ու 2012 թ.-ի փետրվարին ընտանիք կազմեցինք»:

Արփինեն ասում է՝ պարտադիր ծառայությունից հետո Մկրտիչը փորձել է մասնագիտությամբ աշխատանք գտնել, չի հաջողել, տարբեր ոլորտներում փորձել է ուժերը, արդյունքում 2011 թ.-ին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում՝ որպես ավագ սակրավոր։ 2012 թ.-ին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։ 2013 թ.-ին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանում: 2015 թ.ին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018 թ.-ին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում, արժանացել բարձր գնահատանքի։ 2019 և 2020 թթ. խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիա և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։

Ծառայության տարիներին 2013 թ.-ին պարգևատրվել է «Աֆղանստանի ծառայության համար», 2019 թ.-ին՝ «Անբասիր ծառայության համար», 2019 թ.ին ՌԴ-ի կողմից՝ «Սիրիայի ծառայության համար» մեդալներով: «Ամեն անգամ խաղաղապահ առաքելության մեկնելիս անհանգստանում էի: Երբ դեռ չէինք ամուսնացել, ասում էր՝ լավ մտածիր, ես սակրավոր եմ, սակրավորները մի անգամ են սխալվում, սխալվեցին, վերջ: Ես էլ ընդդիմանում էի՝ մի ասա նման բան, դու չես սխալվելու: Անընդհատ աշխատում էր ինքն իր վրա, կարդում էր, սովորում, իր աշխատանքում ամեն ինչին տիրապետում էր: Ինքն ուղղակի աշխատանքի չէր գնում, այն իր կյանքի իմաստն էր, դրանով ու դրա մեջ էր ապրում: Ինչ անում էր, պետք է լավ աներ, կատարելության էր ձգտում իր աշխատանքում, դա իր բնավորության գծերից էր:

Եվ, իրոք, իր աշխատանքում չկար մի բան, որ նա չիմանար»: 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, Մկրտիչը զորամասում էր: Տագնապ էր հայտարարված: «Իրենք Արարատում՝ Քաղցրաշենում տեղակայման վայր ունեին, խաղաղապահներին այնտեղ էին կենտրոնացրել: Հետո խմբերով մեկնել են Ղարաբաղ: Իրենց խումբը մեկնել է հոկտեմբերի 10-ին: Երբ արդեն այնտեղ էր, զանգահարում էր ընդամենը մի քանի վայրկյանով՝ ես լավ եմ, դուք լավ եղեք, ձեր մասին մտածեք»: Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 19-ին Հադրութում հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը հետ մղելու ժամանակ՝ կասեցնելով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք, մարտնչելով մինչև վերջ, մերձամարտի մեջ մտնելով թշնամու հետ։ «Երբ հոկտեմբերի 19-ին չզանգահարեց, սկզբում մտածեցի՝ գուցե անվտանգությունից ելնելով՝ հեռախոսն անջատել է:

Ինքս ինձ հուսադրում էի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել, նա պետք է վերադառնա: Հոկտեմբերի 21-ին լուրը մեզ հասավ: Միայն մեկ փամփուշտ էր դիպել նրան, թոքը ծակել: Տղաները պատմեցին՝ զրահաբաճկոնը, որ տվել են, իր հագին մի քիչ փոքր է եղել, թևատակի մասով մի քիչ բաց է մնացել, ու այդտեղից էլ փամփուշտը թոքն է վնասել: Եթե այնտեղ լիներ ֆելդշեր, առաջին օգնություն ցույց կտար, և նա կփրկվեր»: Հիմա ընտանիքներից շատերի համար սփոփանք է դարձել այն, որ տղաները զոհվելուց հետո շուտ են տուն «վերադարձել»: Մկրտիչի դեպքում էլ է այդպես: Ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ, Արփինեն ասում է՝ կարծես ողջ լիներ: Նա սիրով, զրույցը երբեմն ընդհատող հուզմունքով է պատմում ամուսնու մասին:

«Որպես մարդ՝ իր մեջ ամենաառաջինը գնահատում եմ իր պարտաճանաչությունը, ցանկացած գործ ավարտին հասցնելը, ոչ մի բան կիսատ չէր թողնում: Գնահատում էր կարգապահությունը, զինվորական գործի մեջ հատկապես: Ծնողասեր էր, իր համար ծնողների խոսքն այնքան կարևոր էր, անասելի հարգանքով էր նրանց նկատմամբ, մայրիկի հետ յուրատեսակ կապվածություն ուներ: Նույն հարգանքով նաև իմ ծնողներին է վերաբերվել: Իմ ծնողներն էլ Մկրտիչին իրենց տղայի պես են ընդունել: Որպես ամուսին՝ հոգատար էր, ուշադիր, չի եղել դեպք, երբ, ասենք, ինչ-որ կենցաղային հարցի պատճառով նեղանայինք իրարից: Հասկացող, դիմացինի դրության մեջ մտնող տեսակ էր Մկրտիչը»: Իսկ հիմա կարոտի անվերջանալ ի շրջապտույտում Արփինեի համար ուժի աղբյուր են դարձել իրենց տղան ու աղջիկը. «Իմ ապրելու իմաստն իրենք են:

Մկոյի գնալով՝ ինձ լրիվ կորցրեցի, կարծես ես չլինեմ, բայց ուժ գտա իմ մեջ և ապրում եմ մեր երեխաների համար, որ նրանք հասնեն իրենց երազանքներին այնպես, ինչպես Մկոն կցանկանար: Ուշադիր էր, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա երեխաների կրթության հարցում, այդ հարցում էլ իրեն բնորոշ կարգապահությունը կար: Երբ ազատ մի պահ էր ունենում, այդ րոպեները մեր երեխաներինն էր: Տղայիս հետ փազլ էին հավաքում, զրուցում: Տղաս հայրիկից հետո սկզբում լուռ էր, բարդ շրջան էր, բայց հիմա ազատորեն խոսում է հայրիկի մասին, ուզում է՝ պատմեմ, թե ինչ են արել միասին, թե հայրիկն ինչ է արել իր համար, կարծես նրա մասին հիշողությունները մեկտեղի: Աղջիկս այլ կերպ է կարոտում: Կարող է պահ լինի, հուզվի, լաց լինի, ուղղակի գրկի հայրիկի նկարը:

Սկզբում իրենց Եռաբլուր չէի տանում, կարծում էի, որ դա էլ կարող է այլ տրավմա դառնալ իրենց համար: Իսկ իրենք մտածում էին, որ գնում եմ, հայրիկին տեսնում և տուն գալիս, իսկ իրենց չեմ տանում: Որոշեցի, որ միասին կգնանք Եռաբլուր: Գիտեն, որ հայրիկը միշտ մեզ հետ է, և իրականում ամենադժվար ու ծանր պահերին իր օգնությունը զգում եմ: Նա միշտ ինձ հետ է: Տղաները գիտակցված մեկնել են մարտի դաշտ: Չեմ ընդունում այն միտքը, երբ ասում են, թե իրենց զոհաբերությունը, արյունն իզուր էր: Դա իզուր չի եղել: Իրենք կյանք են տվել, որ մենք ապրենք: Իսկ հիմա մեր հերթն է իրենց ապրեցնելու, որպեսզի իրենց բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», Արցախի նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց Վանաձորի բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորը մեխեր ու բրիտվա է կուլ տվել. ահազանգ բանտից. ArmLur Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում Առևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Վերջին հինգ է պակաս, դեռ ժամանակ կա փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ թյուրքագետ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին Այսուհետ Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինեն ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով, կուղարկավորվի գաղտնի վայրում. «Հեզբոլլահ»-ի աղբյուր ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am